Մեր երկրում 91-ից ի վեր իշխանություն չի փոխվել. Ռուբեն Եգանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2012 17:16

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս կարծիքը հայտնեց ժողովրդագիր Ռուբեն  Եգանյանը, երբ խոսում էր արտագաղթի մասին:

“Որևէ մեկը դա նկատե՞լ է, որ իշխանափոխություն է տեղի ունեցել: Եթե  մի մարդը փոխարինվում է մյուսով, դա չի նշանակում իշխանության փոփոխություն: Եթե իրենց որդեգրած սկզբունքները բացարձակապես նույնն են, դա ընդամենը անձերի փոփոխություն է, այսինքն` որևիցե բան չի փոխվել: Հավասար չափով իրենք մեղավոր են, հավասար չափով իրենց բոլորին ձեռնտու է  այս իրավիճակը”,- նկատեց ժողովրդագիրը` նշելով, որ ՀԱԿ-ը հիմա այն մասն է, որը հիմա իշխանություն չի, բայց նրանք նույն մարդիկ են՝ իրենց մտածելակերպով, իրենց պատկերացումներով ու ցանկություններով:  “Եթե իրենք այսօր լինեին իշխանության գլուխ, անձը փոխված չլիներ, իրենց վարքագիծը լինելու էր որակապես, սկզբունքայնորեն նույնը: Ես դրանում միանգամայն համոզված եմ”,-հավելեց բանախոսը:

Իսկ այն հարցին, թե, ի վերջո, ու՞մ իշխանության օրոք է Հայաստանում արտագաղթն ավելի շատ եղել, Ռ. Եգանյանն ասաց. “Նախ ես կանվանեի ոչ թե արտագաղթ, այլ էմիգրացիա, չնայած` այսօր պարզվեց, որ իսկապես արտագաղթ է, որը սկսվել է դեռևս 90-ականների սկզբներից: Եթե 2000-ի սկզբներին  տարեկան  գնացող-եկողների տարբերությունը կազմում էր մոտավորապես 30-40 հազար մարդ, ապա ընդհանուր 90-ականների ողջ  ընթացքում, մինչեւ 2000-ի սկիզբը, մոտավորապես 800-900 հազար մարդ գնացին՝ չվերադարձան: Վերջին հետմարդահամարային շրջանում, իմ գնահատմամբ, որը հիմնված է մարդահամարի առկա բնակչության նախնական գնահատականից ելնելով՝ հաշվարկված է, որ մոտավորապես 250-260 հազար մարդ գնացել ու չի եկել վերջին 10 տարիների ընթացքում”:

Քանդակագործ Հաղթանակ Շահումյանն էլ ասաց, որ տարբերություն չկա, թե մարդիկ երբ կամ ում օրոք են գնացել երկրից:

“Այ մարդ, ի՞նչ կարևոր է, թե ով երբ է գնում: Դա միայն կառավարության համար եւ գիտական ուսումնասիրության համար է կարևոր: Մեզ միտումն է անհանգստացնում”,-ասաց Շահումյանը` ավելոցնելով, որ կապ չունի՝ այս տարի գնացել է 10 հոգի՞, թե՞ 20 հոգի, կարևորը` գնում են:

“Մենք կարող ենք չհավատալ վիճակագրությանը, դա էական չի, էականը միտումն է: Ժամանակին, երբ մարդիկ գնում էին, նրանք վերադառնալու երազ ունեին: Այսօրվա գնացողը հիմնահատակ գնացող է: Ես գիտեմ գյուղերից մարդիկ, որոնք երբեք տաք ջուր չեն տեսել, հիմա գնացել են Լենինգրադում տաք ջրով ապրում են, երեխեքը ռուսերեն են խոսում: Այդ մարդիկ գիտե՞ք ինչքան մարդ են արդեն իրենց զգում: Մարդիկ գոնե գնում են՝ էլի կաշխատեն, չի ժանգոտի իր գործիքը, իսկ այստեղի գյուղացին չի էլ ուզում արդեն աշխատել”,-իր խոսքն ամփոփեց քանդակագործը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply