“Չկա քաղաքացուն պահելու մտահոգությունը մեր իշխանությունների կողմից”,- Հաղթանակ Շահումյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 15, 2012 17:02
Վերջին 10 տարիներին մեր տարեկան միգրացիոն սալդոն կազմում է 20-25.000 մարդ, այսինքն` այդքան մարդ Հայաստանը լքել է անվերադարձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ըստ Եգանյանի` 1992 թվականին Հայաստանից արտագաղթել է 240.000 քաղաքացի, իսկ մեկ տարի անց` 1993-ին այդ ցուցանիշը նվազել է` հասնելով մոտ 180.000-ի:
Անդրադառնալով 2001-ին և 2011-ին իրականացված մարդահամարի արդյունքներին` ժողավրդագիրն ասաց, որ 2001-ի մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 3.002.000, իսկ 2011-ին 2.871.000:
Խոսելով “Հայրենակիցներ” ծրագրի մասին` Ռ. Եգանյանն ասաց, որ ծրագրի սկսման օրվանից Հայաստանից Ռուսաստան է մեկնել 5000 մարդ, ավելին՝ ռուսների բնորոշմամբ այդ ծրագիրը տապալված է, հետևաբար արտագաղթը խթանելու տեսանկյունից այդ ծրագիրը մի կաթիլ է օվկիանոսում:
Ասուլիսի մյուս բանախոս, քանդակագործ Հաղթանակ Շահումյանն էլ, իր տեսակետը հայտնելով արտագաղթի պատճառների մասին, ասաց, որ եթե նախկինում սոցիալ- տնտեսական պայմաններն էին պատճառը, այսօր արտագաղթողների մեջ կան նաև քիչ թե շատ ապահովված քաղաքացիներ, ովքեր իրենց երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում. “Չկա քաղաքացուն պահելու մտահոգությունը մեր իշխանությունների կողմից”:
Սակայն Եգանյանը այնքան էլ չհամաձայնեց քանդակագործի այս դիտարկմանը` նշելով, որ որ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը երբեք էլ լավ չի եղել, ինչին ի պատասխան, Հ. Շահումյանն ասաց. “1995 թ. մեր անցկացրած հետազոտությունները ցույց էին տվել, որ Հայաստանից մեկնողները գնացել էին ժամանակավոր, վերադառնալու հույսով, բայց, ցավոք, նրանք այդպես էլ չվերադարձան, քանի որ վիճակի բարելավման նշույլներ չտեսան”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
