Նվազագույն աշխատավարձի չնչին բարձրացումը մարդկանց կյանքում լուրջ խնդիրներ չի լուծում. Վազգեն Սաֆարյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2012 16:35

Ցանկացած բյուջե պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ինչ խնդիր է այն լուծում: Մեր բյուջեն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն, և դա ակնհայտ է, և գիտենք, որ մեր բյուջեի սոցիալական հատկացումներն այս տարի լինելու են 303 մլրդ դրամ, ինչը բավականին մեծ թիվ է կազմում:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Խոսելով նվազագույն աշխատավարձի շեմը 32-ից 35 հազար դրամ բարձրացնելու մասին` Սաֆարյանն ասաց, որ այս չնչին տարբերությունն, իհարկե, մարդկանց կյանքում լուրջ խնդիրներ չի լուծում`  հաշվի առնելով այն բոլոր կոմունալ-կենցաղային ծախսերը, որ մարդ պետք է կատարի:

Սաֆարյանը, սակայն, չմոռացավ շեշտել, որ այս ամենով հանդերձ, տնտեսական աճ, այնուամենայնիվ կա. “Ես շատ եմ խոսել այն մասին, որ մեզանում ստվերային տնտեսությունը զգալի է, և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը այս տարվա համար 12.36 է: Ուստի պետք է ամեն ինչ անել, որ մենաշնորհն ու ստվերը վերանա: Սակայն, պետք է արձանագրել, որ տնտեսական որոշակի աճ, ամեն դեպքում, կա և նկատվում է”:

Բանախոսը, սակայն, նկատեց, որ մենք խոշոր ներդրումային քաղաքականություն չենք կարողանում իրականացնել, քանի որ դրսից ներդրումները բավարար չեն. “Դրա համար պետությունը պետք է կարողանա այնպես անել, որ մենք եթե տարեկան 4.1 մլրդ դոլարի ապրանքներ ենք ներմուծում Հայաստան, ապա այդ ապրանաքների զգալի մասը պետությունն ինքը ներմուծի, ոչ թե անհատները, մասնակցի մեծածախ առևտրին, ստեղծի առևտրային կապիտալ և սա դարձնի իր ներդրումային կապիտալը:

Վազգեն Սաֆարյանը ուրախալի համարեց այն փաստը, որ մեր արդյունաբերությունը որոշակի աճ է ցույց տալիս, սակայն նշեց, որ մեր երկրում պետք է զարկ տրվի մեքենաշինությանը, որն իր մեջ կներառի ինչպես ավտոմեքենաների արտադրություն, այպես էլ հաստոցների:

Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե ինչ է մեզ պակասում ավտոմեքենաշինության վերագործարկման կամ նորովի սկսման համար, Վ. Սաֆարյանն ասաց, որ սև մետաղների և, առհասարակ, մետաղական արդյունաբերությունը պետք է զարգանա, ինչպես նաև ստեղծվեն ձուլարաններ, որը թույլ կտա մեր երկրի ներսում արդեն օգտագործել մեր մետաղական ռեսուրսները` զարկ տալով ավտոմոբիլաշինությանը:

Շարունակելով ավտոմեքենաների թեման` Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը պատասխանեց “Անկախ”-ի մեկ այլ հարցի, թե որքանով է իրեն արդարացնում ավտոմեքենաների վրա սահմանված շքեղության հարկը, և արդյոք արդարացնում է, թե ոչ, քանզի այս հարցում ևս կան որոշակի դժգոհություններ ինչպես սպառողների, այնպես էլ ներկրողների կողմից: Այս հարցում Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այդ շքեղության հարկի կիրառումը իր շոշափելի արդյունքները դեռ չի տվել, և չի կարծում, որ արդարացված է:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply