Երևանի առաջին թիմի հաղթանակով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 15, 2012 13:42
Տավուշի մարզի բերդ քաղաքում անցկացվեց Գնել Մեջլումյանի 7-րդ միջազգային հուշամրցաշարը: Գնել Մեջլումյանն ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր է:
Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցի դահլիճում պայքարի ոլորտ ներգրավվեցին 1996-1998 թվականներին ծնված 130 ըմբիշներ: Նրանք ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերը, Արցախը,Վրաստանը:
Թիմային պայքարում եզրափակիչ դուրս եկան Վրաստանի, Երևանի 2 և Վանաձորի թիմերը: 2-րդ օրը կայացած եզրափակիչ փուլի գոտեմարտերում 3-րդ տեղի համար պայքարում Վրաստանի ընտրանին հաղթանակ տարավԵրևան 2-ի նկատմամբ: Ոսկե եզրափակիչում հանդիպեցին Երևան 1-ին ու Վանաձորի հավաքականները: Մայրաքաղաքի թիմն ավելի ուժեղ էր և հաղթող ճանաչվեց:
«Լավագույն տեխնիկայի համար» Վրաստանի թիմից պարգևատրվեց 69 կգ քաշային Տարիել Գափրինդաշվիլին, Երևանից 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, Վանաձորից 85 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով: 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները ստացան դրամական պարգևներ:






Facebook
Tweet This
Email This Post
