Վիճարկվում է ՔրԴատՕր-ի որոշ դրույթների սահմանադրականության հարցը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 15, 2012 11:55

Հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա գործը: ՍԴ-ն պետք է որոշի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` «հրապարակվելու պահից» դրույթի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Վիճարկվող դրույթները վերաբերում են վերաքննիչ բողոք բերելու ժամկետին և բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգին:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Կիմ Բալայանը:

Այս գործի դատաքննությունը պետք է կայանար դեռևս հուլիսի 13-ին, սակայն ՍԴ-ն հուլիսի 10-ի աշխատակարգային որոշմամբ հետաձգվել էր` հաշվի առնելով դիմող կողմի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը: Դատարանը որոշել էր նաև պահանջել Դատական դեպարտամենտից ՍԴ ներկայացնել ՀՀ դատարանների դատական այն ակտերը, որոնց, դիմումի հետազոտության շրջանակներում, անդրադարձ է կատարվել ՀՀ դատական դեպարտամենտի` 2012թ.-ի հունիսի 21-ի գրությանը կից դիրքորոշման մեջ:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի` «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը», 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

380-րդ հոդվածի` «Բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը», 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.

1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply