Պարզվեց` երեխան է ինքնաթիռներին թռիչքի հրահանգ տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2010 2:36

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը արտոսովոր մի դեպք է հետաքննում. Նյու-Յորքի Ջոն Քենեդու անվան խոշորագույն միջազգային օդանավակայանում ինքնաթիռների թռիչքի թույլտվություն է տվել մի երեխա:

Նա հրահանգիչներից մեկի որդին է: Այդ մասին լրագրողներին երեկ հաղորդել են վարչության ներկայացուցիչները, – հաղորդում է RIA Novosti-ն:

Ձայնագրությունում տղան, որի ձայնից դատելով, մոտավորապես 10 տարեկան է (կոնկրետ տարիքը դեռևս չի հաղորդվում), 2010 թվականի փետրվարի 17-ին օդանավերին հրահանգներ է տվել Քենեդու անվան օդանավակայանի կառավարման աշտարակից. «Բորտ-171, թռիչքը թույլատրում եմ», «Բորտ-403, թռիչքուղին պատրաստ է, թռիչքը թույլատրում եմ: Ադյոս, ամիգո»:

Ընդ որում, օդաչուները սովորականի պես շփվել են երեխայի հետ, հետևել նրա հրահանգներին ու ի պատասխան` ասել. «Ադյոս, ամիգո», «Հիանալի աշխատանք է»:

Հիանալի աշխատանքից այժմ գոնե ժամանակավորապես զրկվել է պատանի հրահանգիչի հայրը,  ով որդուն իր աշխատավայր էր բերել: Այդ օրվա հերթափոխի պետի հետ միասին նա հեռացված է պարտականությունների կատարումից մինչև հետաքննության ավարտը:

Տարածված ձայնագրության մեջ կա նաև երեխայի հոր ձայնը. «Ահա տեսնում ե՞ք` ինչ է ստացվում, երբ երեխաները դպրոցում չեն», – ասում է նա օդաչուներից մեկին, ինչին ի պատասխան` օդաչուն ասում է. «Ափսոս` իմ երեխային չեմ կարողանում հետս աշխատանքի բերել»:

Դեռևս հստակ չի հաղորդվում, թե քանի չվերթ է ուղարկել երեխան: Դատելով ձայնագրությունից` դրանք առնվազն երկուսն են` JetBlue և Air Mexico ավիաընկերությունների չվերթները:

«Այսպիսի պահվածքն անընդունելի է, և չի խոսում պրոֆեսիոնալիզմի այն բարձր մակարդակի մասին, որը պետք է ունենային Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության աշխատակիցները», – ասվում է վարչության հայտարարությունում:

Քենեդու անվան օդանավակայանը ԱՄՆ-ում առաջատարն է միջազգային չվերթների ուղևորների թվով, իսկ ժամանող ու հեռացող ուղևորների թվով զբաղեցնում է վեցերորդ տեղը: Մեկ օրվա ընթացքում, միջին հաշվարկներով, օդանավակայանն ընդունում և ուղարկում է շուրջ 1300 չվերթ, կամ ավելի քան 130 հազար մարդ:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply