Վերևում Աստված… միգուցե կա, բայց քարոզչությունը դեռ չի սկսվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 13, 2012 21:57

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել էր, թե պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել փետրվարյան նախագահական ընտրություններում` հաղթելու անխախտ ցանկությամբ, կարծես թե ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը, այն դեպքում, երբ քարոզարշավը դեռ չի մեկնարկել, իսկ ինքն էլ դեռ չի առաջադրվել:
Բանն այն է, որ արդեն բավականին երկար ժամանակ է` Երևանի փողոցներում` շենքերի պատերին և սյուների վրա կարելի է հանդիպել Սեդրակյանի նկարով պաստառների` «Վերևում Աստված կա» վերտառությամբ:
Սակայն էպոսագետի` ցայտնոտային կամ ժամանակից շուտ գործի անցած քարոզարշավի թելերը, կարծես թե, միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում և հետզհետե ընդլայնում են իրենց աշխարհագրությունը` հասնելով մարզեր: Հենց նոր, աշխատանքից վերադառնալով տուն, նկատեցի, որ մեր տանը ևս կա վերոնշյալ պաստառից, որին կցված էր նաև Վ. Սեդրակյանի հարցազրույցներից մեկի պատճենը, խտասկավառակ, ինչպես նաև էպոսագետի հեղինակած «Արդարության օրենսգիրք» անվանումով փոքրիկ գիրքը: Պարզվեց` այդ ամենը հորս են «նվիրել» մեր քաղաքի` Չարենցավանի կենտրոնում: Սակայն հայրս միակը չի եղել, որ «բախտ է ունեցել» նման «քարոզչական» նվեր ստանալու: Մի երիտասարդ նշածս գրքից, սկավառակից և պաստառից բավականին մեծ քանակությամբ օրինակներ ձեռքին` շրջել է Չարենցավանի կենտրոնական հատվածներով և դրանք բաժանել տեղի բնակիչներին:
Թե որն է Սեդրակյանի նախաձեռնած այս «ակցիայի» նպատակը և ինչ է ուզում սրանով ասել նա ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ, պարզելու հարց է, սակայն «Արդարության օրենգիրք» գրած անձը, ենթադրելի է, որ քաջգիտացում է, թե ինչ ասել է «նախընտրական քարոզարշավ», և միանգամայն արդարացի կլինի նրա կողմից, եթե նման քրոզչություն անելուց առաջ Սեդրակյանը արդարամտորեն հաշվի առնի ոչ թե արդարության, այլ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ, նոր անցնի գործի:
Եվ վերջում, այն թեզը, թե վերևում Աստված կա, դա դեռ պարզաբանված և ապացուցված չէ և լուրջ քննարկումների կարիք ունի, այնպես որ, չի կարելի նման միտքը հրապարակել որպես աքսիոմ…. Չէ՞ որ կլինեն մարդիկ, ովքեր կունենան աթեիստական դիրքորոշում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply