Սերժ Սարգսյան. «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2010 21:46

Սերժ Սարգսյան, Վիլֆրիդ ՄարթենսՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների  բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ Է»,-ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ասել, որ սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպայի դերի բարձրացման գործում:

Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն , ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դիմել են անդամակցելու  Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացման, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը քննարկելիս Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում:

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ Հայաստանը «Արեւելյան գործընկերությունը» դիտում է որպես «հնարավորությունների պատուհան» եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների  վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply