Հայտնի դարձան «Աշխարհն իմ գույներով» նկարչական օլիմպիադայի հաղթողների անունները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 13, 2012 16:56

Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության  համատեղ նախաձեռնած «Աշխարհն իմ գույներով» խորագրով համադպրոցական նկարչական օլիպիադայի մասնակիցների աշխատանքների ցուցադրման և հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը: Նշենք, որ միջոցառումը նվիրված էր  «էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը և անցկացվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթը հասանելի էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ներգրավված ՀՀ 7 մարզերի և Երևանի դպրոցների աշակերտների համար: Մրցույթին մասնակցելու համար աշակերտները ներկայացրել էին ավելի քան 3200 ձեռքի աշխատանք:

Առանձնացված 3 տարիքային խմբերից յուրաքանչյուրում առաջարկված էր 3 թեմա (2-5-րդ դասարաններ՝ «Երազ», «Բնություն», «Կախարդական աշխարհում», 6-8-րդ դասարաններ՝ «Սեր», «Ազատություն», «Իմ հերոսը», 9-12-րդ դասարաններ՝ «Համացանց», «Աշխարհն առանց սահմանների», «Երկիր մոլորակը 2222 թվականին»):

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին հաղթողների անունները. յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակներ (նեթբուք-համակարգիչներ, DVD և mp4-նվագարկիչներ, նկարի էլեկտրոնային շրջանակներ) տրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտներինշ, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն աշխատանքին շնորհվեց «Գրան պրի» մրցանակ:

2-5 դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանավ Երևանի թիվ 15 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Գևորգյանը, 2-րդ հորիզոնականի մրցանակին՝ Երևանի թիվ 78 դպրոցի 5-բ դասարանի աշակերտ Հարություն Բրուտյան, 1-ին մրցանակին՝ Երևանի թիվ 15 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նարե Գևորգյանը, իսկ գլխավոր «Գրան Պրի» մրցանակին՝ Չարենցավանի թիվ 4 դպրոցի 6-բ դասարանի աշակերտ Աննա Մաթևոսյանն՝ իր «Կախարդական աշխարհում» աշխատանքով:

6-8-րդ դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանացավ  ԵՊՀ ֆիզմաթ վարժարանի 9-ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Թամազյանը, 2-րդ մրցանակին՝ Երևանի թիվ 113 դպրոցի 8-ա դասարանի աշակերտ Նարեկ Նիկողոսյանը, 1-ին մրցանակին ՝ Երևանի թիվ 131 դպրոցի 8-ա դասարանի աշակերտուհի Սոնա Բաբայանը, իսկ «Գրան Պրի» մրցանակին՝ Երևանի թիվ 115 դպրոցի 9-բ դասարանի աշակերտուհի Սոֆյա Խոստեղյանն՝ իր «Մանրանկար ազատության» աշխատանքով:

9-12-րդ դասարանների տարիքային խմբում 3-րդ հորիզոնականի մրցանակին արժանացավ Աբովյանի թիվ 1 դպրոցի 10-դ դասարանի աշակերտ Սեդրակ Մովսիսյանը,  2-րդ հորիզոնականի մրցանակին՝ Գյումրու Օյունջյան դպրոց-վարժարանի 12-ա դասարանի աշակերտուհի Դիանա Կարապետյանը, 1-ին մրցանակին՝ ՀՄՊՀ հեն. վարժարանի 11-նկ. դասարանի աշակերտուհի Օվսաննա Մկրտչյանը, իսկ «Գրան Պրի» մրցանակին՝ Գյումրու թիվ 18 դպրոցի 12-ա դասարանի աշակերտուհի Անժելա Սեդրակյանն՝ իր «Համացանց» աշխատանքով:

Բացի այդ՝ առցանց քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց և մրցանակ ստացավ  Երևանի թիվ 89 դպրոցի 6-ա դասարանի աշակերտ Վահան Հակոբյանը, ով իր գերազանց աշխատանքի համար հավաքել էր 44239 ձայն: Եվս 70 աշակերտներ, որոնց աշխատանքներն ընդգրկվել էին լավագույնների ցուցակում, մրցանակներ ստացան «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության, ինչպես նաև «ՄԵԳԱ ԹՈՅՍ» խանութ-սրահի կողմից:

Նշենք նաև, որ դահլիճում հանդիսատեսի համակրանքին արժանացավ 174-րդ դպրոցի 3-զ դասարանի աշակերտ Սեդրակ Մկրտչյանի աշխատանքը, որի շնորհիվ  պարգևատրվեց նաև թիվ 174  դպրոցը՝ ստանալով համակարգիչ:

Մրցույթի հանձնաժողովը ձևավորել էր ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ընդգրկելով Գեղագիտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներին և «Dasaran.am» կրթական ծրագրի ղեկավարության անդամներին:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

 

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply