Եզդիներն արդեն ունեն իրենց սրբատեղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 16:34

“Մենք` եզդիներս, դարեր շարունակ պետականություն չենք ուեցել, և, բնականաբար, չունենք նաև նախագահ կամ թագավոր, այլ ունենք հոգևոր առաջնորդ, որը, միաժամանակ, հանդիսանում է նաև մեր աշխարհիկ առաջնորդը”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միդիա Սանգալ» Եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը`  խոսելով եզդիների հոգևոր առաջնորդ Թախսին Բեկի` Հայաստան այցելության մասին:

Եզդիներն իրենց հոգևոր առաջնորդին անվանում են միրե միրա` նորին մեծություն: Բանախոսը հայտնեց, որ իրենց միրե միրան վերջին անգամ Հայաստան էր այցելել 1909 թվականին: Այդ ժամանակ նրանց հոգևոր առաջնորդը եղել է ներկայիս առաջնորդի` Թախսին Բեկի հոր հորեղբայրը` Իսմայիլ Բեկը:

“Թախսին Բեկի գալու հիմնական նպատակը անմիջապես իր ժողովրդի հետ շփվելն էր, ծանոթանալը ժողովրդի կյանքին, սոցիալ տնտեսական վիճակին, նաև Հայաստանում նրանց բնակությանը, թե ինչպես են ապրում, ինչպես են այլ ժողովորդների հետ հարաբերվում”,-ասաց Ամո Շարոյանը` թվարկելով իրենց հոգևոր առաջնորոդի կատարած այցելությունները Հայստանի բարձրաստիճան պաշտոնյաների և կաթողիկոսի մոտ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունը:

“Սեպտեմբերի 27-ին մենք միրե միրայի հետ եղանք Ծիծեռնակաբերդում, եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, և դա արեցինք մեկ պարզ խատճառով, քանի որ այդքան հայերը զոհվել են իրենց ազգային պատկանելության, հայ լինելու պատճառով”,-ասաց բանախոսը` հայտնելով, որ հաջորդ օրն էլ նրանք այցելել ենք Սուրբ Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդի հետ հանդիպման, և մեր կաթողիկոսը բավականին ջերմընդունելություն է ցուցաբերել եզդիների հոգևոր առաջնորդին` քննարկելով բազմաթիվ կրոնական հարցել:

Ամո Շարոյանը խոսեց նաև իրենց գործարարներից մեկի ջանքերով կառուցված սրբատեղիի մասին. “Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղի բացվեց: Մեր իմաստուններից մեկն ասել է, որ յուրաքանչյուր սրբատեղին քարերի կույտ է, մինչև այն չօծվի, ժողովրդի կողմից սրբատեղի չճանաչվի: Ուստի այն օծվեց մեր միրե միրայի կողմից և ճանաչվեց սրբատեղի”:

Պարզաբանելով իրենց կրոնական պատկանելության և կրոնի իմաստը` Ամո Շարոյանն ասաց, որ իրենք ոչ թե արևապաշտ են, այլ արևեագալն են պաշտում, արևածագը. “Մենք արևագալը, արևածագն ենք ընդունում: Եզդիները այսպիսի մի խոսք ունեն, որտեղ, որ նստես արևի ճառագայթին հայացքդ հառես և Աստված կանչես, ուրեմն այնտեղ Աստվածն է: Դրա համար մենք Արևը դիտում ենք, որպես աշխարհի ստեղծման գրավական”:

Ինչ վերաբերում է եզդիների շրջանում տարածված աղանդներին և նրան, թե շատ եզդիներ քրիստոնեություն են ընդունել, Շարոյանն այս առիթով ասաց. “Այն եզդին, որը չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չի: Այս սրբատեղին Հայաստանում առաջինն է, և սրանով մենք ուզոմ ենք համախմբել Հայաստանում ապրող եզդիներին և միավորել մի տեղում: Իսկ աղանդավորներ ամեն տեղ էլ կան, և, ինչպես հայերը, այնպես էլ եզդիները, հայերի հետ գնում դառնում են այս կամ այն աղանդի հետևորդ”:

 

Վահե Մակարյան

 

 

Դիտվել է 1690 անգամ:
Print Friendly

Leave a Reply