Եթե “խորհրդային երջանկությամբ” նայենք ամեն ինչին, առաջ չենք գնա. Մկրտիչ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 15:04

Երևանի հարցում չկա լավի ու վատի խնդիր, քաղաքը քաղաք է, և եթե նույնիսկ այն գտնվում է ծայրահեղ վատ վիճակի մեջ, միևնույնն է, պետք է այն սիրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, Երևանի տոնին ընդառաջ, ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Խոսելով հին ու նոր Երևաների մասին` Մինասյանն ասաց, որ առաջ մարդկանց հարաբերություններն ավելի ջերմ էին, և մարդիկ ապրում էին միաժամանակ և’ մեկը մյուսի հոգսերով, և’ քաղաքի հոգսերով, իսկ այսօր, կապված նրա հետ, որ մենք մի քիչ ուրիշ աշխարհում ենք ապրում, որտեղ, բնականաբար, բոլորովին ուրիշ հարցեր են լուծվում, դրա համար էլ մենք հիմա էդ անսովոր աշխարհում ենք: Սակայն բանախոսը հույս հայտնեց, որ այս ամենը կամաց-կամաց կընկնի իր տեղը:

Մինասյանը Երևանի վիճակը վատ չի գնահատում, սակայն նկատում է, որ աշխատելու և զարգացնելու տեղ դեռ շատ կա. “Ես կուզենաի, որ իմ քաղաքի յուրաքանչյուր անկյունը բարեկարգ լինի, որն անհնար է հիմա մեր նեղ ֆինանասական վիճակից ելնելով. ես գիտեմ, որ քաղաքապետարանը այդքան շատ միջոցներ չունի, չնայած` վերջին տարիներին ահագին գործ արեց` ասֆալտապատում, կանաչապատում, բայց եթե մենք չտեսնենք մեր բացերը, մենք չենք կարող զարգացնել, առաջ տանել մեր քաղաքը”:

Ճարտարապետների միության նախագահը նկատեց, որ իրեն հաճախ են ասւոմ, թե իրենք ոչ մի լավ բան չեն նկատում. “Մենք լավ բաներ միշտ էլ տեսնում և մասնակից ենք լինում, բայց եթե մենք անընդհատ լայն ժպիտով կամ “խորհրային երջանկությամբ” նայենք ամեն ինչին, մենք առաջ չենք գնա”:

Մ. Մինասյանը նկատեց նաև, որ մեր ամբողջ հանրապետությունը մենք պատկերացնում ենք միայն Երևանով, սակայն յուրաքանչյուր բնակավայր իր համար հարազատ վայր է տեղի բնակիչների համար. “Կարծում եմ, որ հնարապետության բոլոր ծայրերը այդպես պետք է լինեն, չի կարող լինել մի տեղ շատ լավ, իսկ հեռու բնակավայրերում` շատ վատ”:

Վահե Մակարյան

Դիտվել է 647 անգամ:
Print Friendly

Leave a Reply