Նախագահն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2010 21:11

Զդիսլավ Ռաչինսկի, Սերժ ՍարգսյանԱյսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նախագահը նաեւ նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից է եւ այդ ուղղությամբ նույնպես ակնկալում է ակտիվ աշխատանք:

Զդիսլավ Ռաչինսկին հավաստիացրել է, որ Հայաստանում գտնվելու 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Լեհաստանի եւ Եվրամիության հետ որակական նոր հարաբերությունների զարգացմամբ: Դեսպանը նաեւ նշել է, որ Լեհաստանը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնողներից մեկն է, ինչն էլ լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտելու է առավելագույնս օգտագործել ծրագրի ընձեռած հնարավորությունները:

Բացի այդ, Սերժ Սարգսյանն ու Զդիսլավ Ռաչինսկին մտքեր են փոխանակել հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, տնտեսական նախագծերի շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը: Կողմերը երկու երկրները շաղկապող բնական կամուրջ են համարել լեհահայ համայնքը:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply