Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2012 11:57

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ոստիկանության բաժինների պետեր, այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Օրակարգում 2012 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր:
Ոստիկանության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ոստիկանության պետի հորդորով գերազանցապես անդրադարձել են իրենց ծառայությունների աշխատանքում առկա թերություններին ու բացթողումներին, որոնք ոչ միայն ստվերում են ոստիկանության գործունեության մեջ նկատելի առաջընթացը, այլև խոչընդոտում համակարգի հանդեպ հասարակության հավատի ամրապնդմանը:

Կարևորելով անչափահասների մասնակցությամբ իրականացվող միջոցառումները` Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր` նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում նման միջոցառումներ կազմակերպելու նկատառումով:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության մարզային կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անասնագողության, ապօրինի անտառահատման, որսագողության դեպքերի արագ ու անվերապահ բացահայտմանը` վերստին կարևորելով գյուղացու ունեցվածքն ու ապրուստը ամեն կարգի ոտնձգություններից պաշտպանելու` ոստիկանության պարտականությունը:

Անդրադառնալով հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթին, որը լիովին արմատախիլ չի արվել` Վլադիմիր Գասպարյանը շեշտել է նաև հասարակական հնչեղություն ունեցող, նախկինում կատարված հանցագործությունների, ինչպես և բնակարանային գողությունների բացահայտման գործում առկա թերությունները և այդ ուղղությամբ լուրջ արդյունքների հասնելու առումով կարևորեց տեղամասային տեսուչների ինստիտուտի որակական կատարելագործման անհրաժեշտությունը:

Դրական գնահատելով հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում արձանագրված տեղաշարժը` Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռք բերված արդյունքներով, շարունակել և անշրջելի դարձնել այդ գործընթացը:

Ոստիկանության պետը տեղեկացրել է նաև, որ ՊՊԾ հատուկ երևանյան գումարտակի օրինակով առաջիկայում ստորաբաժանում է ձևավորվելու Գյումրիում, ապա և` մյուս մարզային կենտրոններում, ինչը քաղաքացիներին ծառայություններ մատուցելու որակական նոր աստիճան է:

Օպերատիվ խորհրդակցության ավարտին հրապարակվել են ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները մի շարք կադրային փոփոխությունների մասին:

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply