Հայ եւ հույն լոբբիստները ԱՄՆ նախագահի թեկնածուներին կոչ են անում վերջ տալ լռությանը հայկական և հունական հարցերի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2012 11:45

Ամերիկայի հայկական ու հունական լոբբիստական երկու խոշորագույն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 5 միլիոն մարդ ԱՄՆ-ում, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին վերջ տալ իրենց նախընտրական արշավում հայկական ու հունական հարցերի նկատմամբ լռությանը եւ հորդորում, որ նախագահի երկու թեկնածուները ներկայացնեն այդ հարցերի շուրջ իրենց տեսակետները։

«Որպես հունական եւ հայկական լոբբիստական առաջնային կազմակերպություններ, մենք միասնաբար ենք այսօր կոչ անում Օբամային եւ Ռոմնիին հրապարակային կերպով ներկայացնել մեր ժողովուրդներին վերաբերող հարցերի նկատմամբ այն սկզբունքները, նախընտրություններն ու քաղաքականությունը, որոնցով ուղորդվելու են նրանց վարչակազմերը»,- հայտարարել են Ամերիկայի Հելենիստական հաստատության նախագահ Նիք Լարիգակիսը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, երկու կազմակերպություններն առանձին նամակներ են հղել Օբամա-Բայդըն եւ Ռոմնի-Ռայըն նախընտրական շտաբներին՝ ներկայացնելով իրենց ժողովուրդներին հուզող կարեւորագույն հարցերը։

Հայկական կողմից հղված նամակում, ի շարս այլոց, ներկայացված են հետեւյալ հարցերը.

Ա. Որպես նախագահ, Դուք պաշտոնապես եւ հրապարակային կերպով ճանաչելու՞ եք Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն.

Բ. Ո՞րն է Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու մասին Կոնգրեսի ընդունած որոշման նկատմամբ Ձեր տեսակետը.

Գ. Ի՞նչ քայլեր եք նախատեսում օգնելու Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու իր քաղաքականությունից հրաժարվելու համար.

Դ. Հայաստանում եւ Թուրքիայում դեսպանների Ձեր ներկայացրած թեկնածուները ճանաչելու՞ են Հայոց ցեղասպանությունը.

Ամերիկայի Հելենիստական հաստատությունը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը կազմել են Facebook-ի համատեղ մի էջ՝ ներկայացնելու համար հայ եւ հույն ժողովուրդների հարատեւ կապերը։

Դիտվել է 593 անգամ:
Print Friendly

Leave a Reply