Հանրային խորհրդում մշակվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2012 18:58

Հոկտեմբերի 12-ին Հանրային խորհրդում ներկայացվեց ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը:

Փաստաթուղթը մշակվել է Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում և մինչ այս քննարկմանը ներկայացվելը, անցել փորձագիտական քննարկումների փուլերով:

Այս քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաև հայեցակարգի մշակման փորձագիտական խմբի ղեկավարն է, հանձնաժողովի անդամներ և փորձագետներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային խորհրդրի նախագահ Վազգեն Մանուկյանը, մինչ հայեցակարգի քննարկմանն անցնելը, ներկայացրեց Հանրային խորհրդի դերն ու նպատակը` որպես Հայաստանի հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող պատասխանատու և կարևոր կառույց:

Կարևորելով քաղաքացիական հասարակության եվրոպական փորձն ու հաջողությունները` Մանուկյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր պետություն այդ փորձի հիման վրա պետք է ձգտի ձևավորել քաղաքացիական հասարակության կայացման իր ուրույն ուղին` հաշվի առնելով իր պատմությունը, մշակույթն ու մտածելակերպը:

Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքացիական հասարակության գաղափարական հստակությունը, քաղհասարակության կառույցների կառուցվածքային հզորացումը (իրավական դաշտի բարեփոխումներ, գործունեության թափանցիկության հիմնահարցեր, հանրային մասնակցության գործընթացներ, պետական պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն), ֆինանսական կայունության մեխանիզմների ձևավորումը, մարդկային ներուժի զարգացումը, Սփյուռքի և միջազգային կառույցների հետ համագործակցության խորացումը:

Հայեցակարգի վերաբերյալ հնչեցին դրական կարծիքներ, ներկայացվեցին առաջարկներ, կարևորվեցին հայեցակարգում ամրագրված այն կետերը, որոնք վերաբերում են քաղհասարակության կառույցներին պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրմանը, Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերը հասարակական կազմակերպություններին պատվիրելու ավանդույթի ձևավորմանը, կամավորության ինստիտուտի կանոնակարգմանն ու այն խրախուսող միջավայրի ձևավորմանը և այլն:

Ինչպես տեղեկացրեց Հովհաննես Հովհաննիսյանը, հոկտեմբերի 26-ին հայեցակարգի նախագիծը կդրվի հասարակական առավել լայն քննարկման, որից հետո այն կփոխանցվի կառավարությանը` Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու նպատակով:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply