Գյումրիում առաջադրվել է Արման Սահակյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2012 19:02

Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին հոկտեմբերի 12-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «Սովրանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Երևանի թ.1 ընտրատարածքում նոր առաջադրումներ չկան: Հոկտեմբերի 10-ին թ.1 ԸԸՀ-ն ստացել էր առաջադրման երկու հայտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը:

Այս երկու ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին: Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հոկտեմբերի 18-ը, գրանցումը նախատեսված է հոկտեմբերի 18-ից 28-ը:

Հիշեցնենք, որ թ.թ. 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով: Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply