Եզդիական համայնքը դեմ է ամուսնական տարիքի փոփոխությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 12, 2012 18:34

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ամուսնության տարիքային շեմը 18 տարին սահմանել:

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից  հավանության արժանացած   «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը,  որով  կանանց եւ տղամարդկանց  համար սահմանվում է  ամուսնության  միեւնույն տարիքը` 18, դժգոհություններ է առաջացրել Հայաստանում ապրող եզդիների շրջանում, որոնց աղջիկները ամուսնանում են սկսած  14 -15 տարեկանից: Համայնքն առաջարկում է ամուսնության  շեմը սահմանել  տասնվեց տարեկանից:

Առ այսօր կանանց ամուսնության տարիքը սահմանված էր 17 տարին, իսկ տղամարդկանց թույլատրելի ամուսնական տարիքը՝18: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշում է, որ  օրենսդրական փոփոխություններ ենթադրող այս նախագիծը բխում է գենդերային անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությունից: Այլ պատճառներ եւս եղել են:

«Դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռեւս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում հետագայում», – ասում է Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանում բարձրացել է ամուսնության տարիքը: Եթե  80-ական թվականներին 1000 ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, ապա ներկայում այդ թիվը 50-ից չի անցնում:

Չհամաձայնելով առաջարկվող փոփոխությանը՝«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը IWPR-ին ասում է, որ  18 տարեկան աղջիկն արդեն պառավ է իրենց  համար, այդ տարիքում նրանց  համարում են տանը մնացածներ: Թամոյանը ասում է, որ  կառավարությունը օրենքում նման փոփոխություն անելուց առաջ,  պետք է հաշվի առներ իրենց 60 հազարանոց համայնքի սովորույթները, ազգային ու կրոնական ավանդույթները:

Եզդիները խոսում են քրդերենի բարբառներից մեկով, սակայն ունեն իրենց յուրահատուկ հավատքը: 60 հազարանոց եզդիական  համայնքից տարին մեկ կամ երկու աղջիկ է կրթությունը  շարունակում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եզդի տղամարդիկ էլ կարծում են, որ կնոջ կոչումն է` վաղ ամուսնանալ, երեխաներ ունենալ, զբաղվել նրանց  դաստիարակությամբ ու տնային գործերով:

Երեւանից 80 կմ հեռավորության վրա գտնվող Արագածոտնի մարզի Ռյա- Թազա գյուղի դպրոցի  ավագ դասարանների  միակ աղջիկը 17 ամյա Լեյլա Հարոյանն է: Ասում է, որ ընկերուհիները այլեւս չեն գալիս դպրոց, փոխարենը նստել են տանը ու սպասում են փեսացուների:

«Դեռ 12 տարեկան չդարձած՝ ասում են տանից դուրս մի եկեք, երկար հագեք, սովորեք գործ անել, վաղը մյուս օրը հարս եք գնալու: Բայց ես ինքս դեմ եմ այդ ամենին, ես դեմ եմ  այս ավանդույթին,  կոտրելու եմ պատնեշը, որը խանգարում է ինձ նման աղջիկներին շարունակել ուսումը, մասնագիտություն ստանալ», – ասում է Լեյլան:

Ի տարբերություն Լեյլայի՝ նույն գյուղից 33 ամյա Սոնյա Ասլոն արդեն նշանել է իր 14-ամյա աղջկան` Իլոնյային եւ չի զղջում: Կես տարուց էլ՝ կամուսնացնեն:

«Տեսանք, որ տղայի ընտանիքը  ահագին հաջող էր, տղան էլ լավն էր ու որոշեցինք տալ: Դե իսկ Իլոնան ինչ պետք է ասեր: Մեր աղջիկների համար օրենք է ծնողների խոսքը: Ես էլ եմ 15 տարեկանում ամուսնացել, ինչ է վատ է եղել, չորս երեխա եմ ունեցել, ու ոչ մի առողջական խնդիր», – ասում է  Սոնյան:

Եզդիներից շատերը համոզված են, որ հենց վաղ ամուսնությունների շնորհիվ է, որ իրենց համայնքում քիչ են ամուսնալուծությունները: Ընտանիքի գաղափարը իրենց մեջ ամուր է նստած:

«16 տարեկան եզդի աղջիկը եթե հարս է գնում, ապա նրան ամեն ինչով ապահովում են, ոչ մի դժվարություն չի կրում: Նա կարող է անգամ աշխատել, եթե ամուսինը ցանկանում է»,- ասում է  եզդիների շեյխ Բրո Հասանյանը  եւ ավելացնում, որ  այդ աղջկա համար պատասխանատվություն է կրում ընտանիքի յուրաքանչյուր անդամը:

Սակայն Երեւանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ֆերիկ գյուղից 40-ամյա Զեյնաբ Իսոյանը ասում է, որ կանանցից շատերը վաղ ամուսնանալով,  հաճախ դժբախտանում են, բայց ամոթից  շարունակում են ապրել` չբաժանվելով:

«Որպեսզի չասեն`տեսեք այս ինչի աղջիկը բաժանվել է: Մենք մեզ զոհում ենք հանուն մեր ծնողների:  Մեր հայրերի պատվի համար, այդ քայլին չենք գնում: Բացի այդ բաժանվածներին լավ չեն ընդունում համայնքում»,- ասում է Զեյնաբը ու ավելացնում, որ կողմ է օրենքի փոփոխությանը:

Եզդի կանայք ամուսնանալով, որպես կանոն, ապրում են ամուսնու ծնողների հետ` մեկ հարկի տակ: Ավանդույթից ելնելով բարձրաձայն չեն խոսում սկեսրարների հետ, նրանց ներկայությամբ հաց չեն ուտում:

Զեյնաբ Իսոյանը ասում է, որ 15 տարի իր սկեսրայրը իր ձայնը  չի  լսել,  չի տեսել  իրեն  հաց ուտելուց:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաշվի առնելով  եզդիների դժգոհությունները, հանձնարարել է առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության նախարարություններին եւս  մեկ անգամ քննարկել հարցը, որպեսզի հակասություն չառաջանա իրականության եւ օրենսդրության միջև:

Եզդիների շեյխ Բրո Հասանյանը շնորհակալ է  ՀՀ վարչապետին  ամուսնության մասին որոշումը վերանայելու համար, քանի որ  իրենք ցանկանում են ապրել իրենց  ազգային սովորույթներով: Եզդիները  նաեւ առաջնային են համարում այն, որ  օրենսդրական դաշտում իրենք էլ ձայն ունենային, օրենքներ քննարկելիս կամ ընդունելիս ազգային փոքրամասնությունների կարծիքն էլ լսեին:

 

Գայանե Մկրտչյան

Գայանե Մկրտչյանը ArmeniaNow.com էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net

Դիտվել է 2035 անգամ:
Print Friendly

Leave a Reply