Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 12, 2012 18:32

Համացանցում հայտնված տեսանյութի հերոսները սակարկում են խորհրդարանական տեղերը:

Տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը կաշառք պահանջում՝խորհրդարանական տեղը վաճառելով, անսովոր հասարակական արձագանք ստացած կոռուպցիոն սկանդալ է առաջացրել:

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական գործիչ Գյուլար Ահմեդովան 2 միլիոն մանաթի (շուրջ 2,5 միլիոն դոլար) չափով կաշառք է պահանջել՝Միլի Մեջլիսում նրա համար տեղ ապահովելու համար:

Թաքնված տեսախցիկով նկարահանված նյութը ներկայացնում է Աբդուլլաեւի, Ահմեդովայի եւ մեկ այլ կնոջ՝ Սեւինջ Բաբաեւայի խոսակցությունը 2005թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

«Ես եմ նկարահանել այս տեսանյութը եւ ձայնագրել իմ հանդիպումներն ու հեռախոսազրույցները Գյուլար Ահմեդովայի եւ Սեւինջ Բաբաեւայի հետ: Գլխավոր դատախազին ուղարկել եմ տեսանյութը պարունակող տեսասկավառակը եւ դիմում ներկայացրել Գյուլար Ահմեդովայի դեմ քրեական գործ հարուցելու համար», – ասում է Աբդուլլաեւը, որը ներկայում Ֆրանսիայում է:

Աբդուլլաեւը զրկվեց աշխատանքից երկու տարի առաջ, երբ կառավարությունը որոշեց փակել նրա ղեկավարած բուհը:

Համալսարանի նախկին ռեկտորի խոսքերով, նա որոշեց համացանցում տարածել տեսանյութը, երբ դատախազությունը մերժեց դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցել:

Տեսանյութի տարածմանը հաջորդող վրդովմունքի ալիքը ստիպեց Ահմեդովային հրաժարվել խորհրդարանական մանդատից, իսկ Բաբաեւային ազատեցին Բաքվի քաղաքային գրադարանի տնօրենի պաշտոնից:

Ահմեդովան հերքել է կաշառակերության վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում, որ տեսանյութը կեղծիք է:

Երբ աղմկահարույց տեսանյութը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց, դեպքի կապակցությամբ, ի վերջո, քրեական գործ հարուցվեց:

Սեպտեմբերի 28-ին Ահմեդովան հայտարարեց, որ հրաժարվում է խորհրդարանական մանդատից, որպեսզի իր պաշտոնը չդիտվեր որպես գործի արդար նախաքննության խոչընդոտում:

Սակայն դեռեւս մինչեւ նախաքննության սկիզբը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը շտապեց քննադատել Ահմեդովային՝հայտարարելով, որ վերջինս կորցրել է կուսակցությունը ներկայացնելու բարոյական իրավունքը:

Համացանցում հայտնված տեսանյութում հիշատակվում է նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի անունը: Վերջինս, ելույթ ունենալով հոկտեմբերի 3-ին, հերքեց, թե որեւէ կապ ունի տեղի ունեցածի հետ: Մեհդիեւի խոսքերով, այս ամենը Ադրբեջանի կառավարությանը հեղինակազրկելու նպատակով կազմակերպված արշավ է, որը, միեւնույն է, ձախողվելու է:

Ընդդիմությունը, իր հերթին, փորձեց օգուտ քաղել կատարվածից: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն արդեն հայտարարել է, որ աղմկահարույց տեսանյութը ցույց է տալիս իշխանական օղակներում արմատացած կոռուպցիայի մակարդակը:

«Համալսարանի ռեկտորը, գրադարանի տնօրենը եւ խորհրդարանի պատգամավորը սակարկում են խորհրդարանական տեղերը», – ասել է Ղամբարը՝ կոչ անելով «զանգվածային բողոքի ցույցեր» սկսել:

Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին էլ հայտարարել է, որ խորհրդարանը պետք է լուծարվի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

«Այս տեսանյութը լիովին հաստատում է, որ խորհրդարանը կեղծ մեթոդներով է ընտրվել, եւ բոլոր տեղերը վաճառվել են», – նշել է Քերիմլին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն՝կոռուպցիան լուրջ խնդիր է Ադրբեջանի համար: Երկրում արմատացած կոռուպցիայի մակարդակը մշտապես ցածր ցուցանիշներ է ապահովում Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցակում: Անցյալ տարի Ադրբեջանը զբաղեցրեց 143-րդ հորիզոնականը 183 երկրների ցանկում՝զիջելով իր դիրքերը 2010-ին զբաղեցրած 134-րդ հորիզոնականի համեմատությամբ:

Սեյմուր Քազիմով

Սեյմուր Քազիմովը ազատ լրագրող է Ադրբեջանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply