Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2012 18:20

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել:

Անդրադառնալով  Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրին` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրն իր մեջ ներառում է Հայաստանի  տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները և գործողություններն այդ ուղղությամբ, թե ինչ ռազմավարությամբ պետք է հասնենք նպատակներին. « Շատ համալիր ծրագիր է, որի վրա բավական երկար աշխատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների աշխատանքային խմբերը, և այսօր բոլոր կետերը համաձայնեցված ձևով ներառվել են ծրագրի մեջ: Չկա գրեթե որևիցե ոլորտ` տնտեսական, մշակութային, սոցիալական, որն այս փաստաթղթում արձանագրված և արծարծված չլինի:

Հարգելի գործընկերներ, հարցը վերաբերում էր մինչ 2020 թվականը տնտեսական համագործակցության համաձայնագրին, որը մենք այսօր ստորագրեցինք: Հարցն այդ փաստաթղթի էության մասին էր: Ես պատասխանեցի, որ այդ փաստաթուղթը գործնականում իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության բոլոր ուղղությունները, ներառյալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, հումանիտար հարցերը: Արտացոլված են երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումները, արտացոլված են հենց այն դրույթները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ, խոսելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների և ներդրումների մասին, ասել է. «Ընդհանրապես մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը բավական դինամիկ է զարգանում, և անցած տարի մոտեցանք մեր ապրանքաշրջանառության 1 միլիարդ դոլարի շեմին: Այս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 ամսվա արդյունքով մենք արդեն գերազանցել ենք 800 միլիոնը և այդպիսով այս տարի դուրս կգանք 1 միլիարդ դոլարի շրջանակներից: Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, կամ էլ ընդհանուր առմամբ, ապա վերջին 20 տարում դրանց ծավալը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, որոնցից ուղղակի ներդրումները Ռուսաստանից դեպի Հայաստանի տնտեսություն կազմել է մոտ 2.5 միլիարդ դոլար: Այսպիսով, մենք տեսնում ենք ներդրումների որոշակի ծավալ և, ինչը հատկապես ուրախալի է, որ այդ ներդրումները հիմնականում ուղղակի բնույթ են կրում: Այսինքն, կոնկրետ ներդրումներ են կատարվում ձեռնարկություններում` նյութատեխնիկական բազայի և բիզնեսի զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե կրում է, այսպես ասած, պորտֆելային բնույթ: Ինչ վերաբերում է ծավալի հարաբերական նվազմանը ըստ ընթացիկ տարվա դինամիկայի, ապա կարծում եմ, որ դեռ շուտ է եզրակացություններ անել: Մենք կտեսնենք տարեվերջյան վիճակագրությունը. ներդրումային գործընթացն ընդհատվող բնույթ ունի, և ներդրողները, որպես կանոն, տարեվերջին են կառուցում իրենց ֆինանսական ծրագրերը` ելնելով ներդրումներից և, ռեսուրսների, այսպես ասած, առավելագույն կենտրոնացումից, այդ պատճառով այդ մասին կարելի խոսել միայն օրացուցային 2012 տարվա արդյունքներով»:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը խոսել է նաև գազի գնի առաջիկա սակագնի մասին` ասելով, որ  հարցը դիտարկվել է  միջկառավարական հանձնաժողովի նիստում. «Բանակցությունները շարունակվում են: Այստեղ են գտնվում «Գազմպրոմ»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները: Մենք դինամիկ առաջ ենք շարժվում այդ հարցում, և վստահ եմ, որ, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածությունների»:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply