Այսօր տեսողության համաշխարհային օրն է. ՀԱՆ-ը այն նշում է “Լույս մանուկների աչքերին” խորագրի ներքո

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2012 12:56

Հայաստանում տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական ակնաբուժական նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա և առաջիկայում էլի պատրաստվում է հանդես գալ միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վարչական շրջանի հայորդաց տան համագործակցությամբ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Նա նշեց, որ տեսողության համաշխաչհային օրը նշվում է ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի  երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով  բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում:

“Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել “Լույս մանուկների աչքերին” խորագրով և անդրադառնալ մանկական կուրության կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ “Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն” ծրագրի շրջանակում,-ասաց Նունե Եղիազարյանը:

Եղիազարյանի հաղորդմամբ միջոցառումներն սկսվել են երեկ` հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, որտեղ ՀԱՆ-ն անցկացրել է մեծահասակների ակնային զննումներ, ինչպես նաև կազմակերպել է ֆլեշ-մոբ տեղի երեխաների ու բնակիչների համար: ՀԱՆ-ի հրավերով Հացիկ գյուղ էին ժամանել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հայորդաց տան սաները, ովքեր գյուղի միջնակարգ դպրոցի բակում անցկացրեցին անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրավիրելով բոլորին պարի: Բանախոսը նշեց, որ սա առաջին ֆլեշ-մոբն էր` իրականացված գյուղական համայնքում, որը, փաստորեն, հաջողությամբ պսակվեց:

Եղիազարյանը հայտնեց նաև, որ հոկտեմբերի 13-ին ՀԱՆ-ի աջակցությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկ Լիլիթ Մկրտչյանը հատուկ ակնային զննումներ կանցկացնի Երևանի թիվ 14 մասնագիտացված դպրոցում սովորող թույլ տեսողությամբ երեխաների համար:

Վահե Մակարյան

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply