Մանկավարժական համալսարանում բացվեց ՄԱԿ-ի անկյուն և նշվեց Իսպաներենի օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 16:15

Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյան բացումը, որից հետո ուսանողները, համալսարանի դասախոսները, ՄԱԿ-ի աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և լրագրողները նշեցին իսպաներենի՝ ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկի օրը:

Միջոցառումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ:

ՄԱԿ-ի ավելի քան հազար անուն հրատարակություն և մուլտիմեդիա նյութեր, որոնք ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրվել էին ՄԱԿ-ի անկյանը, կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի արժեքների և գործունեության վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները ՄԱԿ-ի անկյունից կօգտվեն նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային և կրթական միջոցառումներ կազմակերպելիս:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց համաձայն ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև Համագործակցության ծրագրի, որը ստորագրվեց արարողության ընթացքում:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և չափազանց ուրախ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու կապակցությամբ, ինչը երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքներում ներգրավվելու և կայուն զարգացմանն ու Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը նպաստելու հնարավորություն է տալիս»,- ասաց Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը:

ՄԱԿ-ում իսպաներենի օրվան նվիրված միջոցառման ընթացքում հանդիսատեսը վայելեց իսպանական պարեր, իսպանական հոգևոր երաժշտություն, ֆլամենկո: Համալսարանի ուսանողները նաև ներկայացումներ էին պատրաստել Հայաստանում և աշխարհում իսպաներենի կիրառության և կարևորության մասին: Միևնույն ժամանակ, համալսարանի բակում տեղակայված շրջիկ ավտոբուս-գրադարանից ուսանողներին և դասախոսներին բաշխվեց ՄԱԿ-ի կողմից հրատարակված մեծ քանակությամբ գրականություն:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Կարևոր է, որ հայաստանցիները սովորեն իսպաներեն, ինչը նրանց համար կբացի սահմանները դեպի իսպանալեզու մշակույթ և կօգնի լինել աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության և գործելակերպի վրա և օգնում ավելի լավ հասկանալ, թե որքան կարևոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր բազմաբարդ օրակարգի իրականացման՝ խաղաղության, բազմազանության, միջմշակութային երկխոսության խթանման հարցում»:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարեզ Ռիվերան խոսեց ՄԱԿ-ի օրակարգի իրականացման հարցում իսպաներենի ներդրման մասին և երիտասարդների խրախուսեց սովորել այն:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: ՄԱԿ-ում իսպաներենի օրը նշվում է հոկտեմբերի 12-ին. այդ օրը, որն ավանդաբար հիշատակվում է իբրև իսպանալեզու մշակույթի օր, նաև համընկնում է Իսպանիայի ազգային օրվան:

2010 թվականից ի վեր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (Նյու Յորք) հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկը՝ լեզվական և մշակութային բազմազանության խթանման նպատակով: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply