ՀՖՖ-ի խտրականությունը լրատվամիջոցների նկատմամբ` Հայաստան-Իտալիա խաղից առաջ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 11, 2012 15:19
Հոկտեմբերի 11-ին կեսօրին, երբ «Անկախ» կայքի և թերթի լրագրողը ներկայացել է Երևանի «Հրազդան» մարզադաշտ, մեծ է եղել զարմանքը, երբ ընդառաջ եկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայության աշխատակից Տիգրան Իսրայելյանը նրան հայտնել է, որ չի կարող ներկա գտնվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպման նախօրյակին կազմակերպվելիք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսին:
Պատճառը համարվել է այն, որ ՀՖՖ-ն կամայականորեն «Անկախի» ներկայացուցչին չի տրամադրել այդ հանդիպման մուտքի անցագիր, այսինքն չի հավատարմագրել: Ընդ որում, խմբագրությունը մի քանի օր առաջ ՀՖՖ լրատվական ծառայությանը ներկայացրել էր հավատարմագրման համապատասխան հայտը, լուսանկար, նաև կից լրագրողի վկայականի պատճեն: Վերջինս «հետաքրքիր» նորություն է: Բայց ավելի զարմանալին հանդիպումից մի քանի օր առաջ ՀՖՖ-ի տարբեր լրատվամիջոցներին ուղարկած հաղորդագրությունն էր, որը հաստատել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանը: Այն 8 էջից է և հրովարտակ է հիշեցնում, ներկայացված է ՀՖՖ-ի մարզական միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը: Սևով սպիտակի վրա գրված է, որ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԻ ինչպես տրամադրման, այնպես էլ մերժման վերջնական որոշումը պատկանում է բացառապես ՀՖՖ-ին», հետո էլ`«ՀՖՖ-ն պարտավոր չէ բացատրություններ տալ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԻ ինչպես տրամադրման, այնպես էլ մերժման դեպքում»:
Ստացվում է, որ անպատիժ կարելի է խախտել Հայաստանի մամուլի մասին օրենքը, լրատվամիջոցներին կամ լրագրողներին զրկել անգամ մամուլի ասուլիսների ներկա գտվելու հնարավորությունից և անպատիժ մնա՞լ:
Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետություն է պետության մեջ: Փաստ է նաև, որ ՀՖՖ-ի գործերին ոչ մի կառույց` անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի միջամտում, ոչ էլ այդպիսի նկրտումներ է դրսևորում: Այդուհանդերձ, որ կատարյալ ամենաթողության պայմաններում, ՀՖՖ-ն կարող է ուզածն անել, այն էլ` լրատվամիջոցների կամ լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, դա արդեն թույլատրելի` կարմիր գիծն անցնելուն է հավասար:
Ի դեպ, հավատարմագրման կարգի մասին հրովարտակն ուղարկելուց դեռ շատ առաջ, նախկինում դեպքեր եղել են, որ, Հայաստանի ազգային հավաքականի խաղերի շեմին, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների ՀՖՖ-ն չի հավատարմագրել, հնարավորություն չի տվել նյութեր պատրաստել և հրապարակել, սակայն կատարվածն այդպես էլ ջրի երես չի հանվել: Միայն մեկ դեպքում, երբ նույն կերպ էին վարվել լրագրողներից մեկի հետ և այդ մասին նրա կողմից հրապարակում էր եղել մոսկովյան մամուլում, տվյալ լրագրողի նկատմաբ ավելի սիրալիր էին դարձել:
Ինչև է, այսպիսի գործելաոճը խայտառակություն է: Ընդ որում, խաղից դուրս մնացողները խոշոր, այդ թվում նաև հեռուստատեսային լրատվամիջոցների ներկայացուցիչներ են` A1PLUS.AM կայք, «Արմենպրես» կայք, «Կենտրոն» հեռուստատեսություն և այլն: Մասնավորապես, այս երկու կայքերը և հեռուստատեսությունը բազմահազար այցելուներ ունեն և ակնդիրներ: Եվ հարցը պետք է հասարական հնչեղություն ստանա, ահազանգ հնչեցվի, քանի որ մեր երկրի ժողովրդավարությունն է ոտնահարվում:
Գաղտնիք չէ, որ ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ քիչ թվով ընդդիմադիր լրագրողներ կամ լրատվամիջոցներ կան: Եվ ինչ կլիներ, եթե նրանց այսօրինակ կամայականությամբ թույլ չտային լուսաբանել, ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կամ Հայաստանի կառավարության միջոցառումները: Ռումբի պայթյունն անխուսափելի կլիներ:
Իսկ կատարվածը թե ինչ արձագանքներ և հետևանքներ կունենա, կբացահայտվի առաջիկայում:






Facebook
Tweet This
Email This Post
