Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2012 13:40

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքել է Օսկանյանի հարցով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը`վերջինիս կոչ անելով ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց: Նա, մասնավորապես նշել է.«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է։ Սա իրավական խնդիր է, եւ այս խնդիրը քաղաքականացնելն անթույլատրելի է», – ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է դեպքերի՝ ընտրությունների նախաշեմին տեղի ունենալու փաստը, Շարմազանովն ասել է, որ Հայաստանում իրավական ցանկացած գործընթաց ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու եւ անթույլատրելի է: «Կարծում եմ, հենց նաեւ դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց»,- նշել է նա: «Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երեւույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ եւ արդարացված չէ: Կան տարբեր քրեական գործեր, որտեղ որպես մեղադրյալներ անցնում են նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որեւէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երեւույթների դեմ պայքարելն է», – ասել է ՀՀԿ-ի խոսնակը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դեսպանի մտահոգության պատճառը, Շարմազանովը  պատասխանել է, թե դա պետք է ճշտել դեսպանից, բայց խնդրի քաղաքականացումը արդարացված չէ, եւ Օսկանյանի հարցը նախագահական ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու է: Ամփոփելով, ԱԺ փոխխոսնակը բոլորին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հորդորել է իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ չտալ։Հիշեցնենք, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որում անդրադարձել էր ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործին: Նա նշել էր, որ նման զարգացումները վատ են Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից եւ որ գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Դեսպանը նաեւ անհանգստություն էր հայտնել, որ դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply