ՙՄարգար պապը՚ ֆիլմը արդեն իսկ ընդգրկվել է ՙՆուռ՚ միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 10, 2012 20:39
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, 2011թ. երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադեւոսյանի նկարահանած “Մարգար պապը” կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, այս կարճ ժամանակահատվածում, արդեն հետաքրքիր ու խոստումնալի կենսագրություն է կերտել: Կինոնկարը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների եւ արժանացել մրցանակների:
Վերջերս ռեժիսորի կինոնկարը մասնակցել է սեպտեմբերի 24-30 Յալթայում կայացած 13-րդ “Միասին՚”միջազգային հեռուստակինոֆորումին, որտեղ “ՙՍկիզբ” մրցութային բաժնում հաղթել է` արժանանալով մրցանակի և դիպլոմի:
Ֆիլմի նյութը պարզ մարդկային պատմության շուրջ է զարգանում. հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի և աշխարհայացքի վրա:Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է , որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը անհասկանալիորեն հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադևոսյանը, իսկ սցենարի հեղինակը` Արթուր Մկրտչյանը:
Ավելի վաղ, Գ.Թադեւոսյանի “Մարգար պապը” մասնակցել է մի շարք այլ կարեւոր միջազգային կինոփառատոների, այդ թվում` օգոստոսի 29-31 ընդգրկվել է Տաշկենտում կայացած 2-րդ ՙՕնա յոր ՚ միջազգային կինոփատառոնի ինֆորմացիոն ֆիլմերի ծրագրում և արժանացել է դիպլոմի:Սեպտեմբերի 13-17 մասնակցել է ՙՍևաստոպոլի՚ միջազգային կինոփառատոնի դեբյուտային մրցութային ֆիլմերի ՙԿինոբացում՚ ծրագրում:
ՙՄարգար պապը՚ ֆիլմը արդեն իսկ ընդգրկվել է ՙՆուռ՚ միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում, որը կայանալու է Կանադայում սույն թվականի հոկտեմբերի 18 -21-ը: Ֆիլմը ընդգրկված է նաև հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայանալիք 7-րդ “Ես եմ՚”միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցութային բաժնում:
Պարսիկ ռեժիսոր Հասան Բաստանին Պարսկաստանում բեմադրման աշխատանքներ է իրականացնում ՙՄարգար պապը՚ ֆիլմի մոտիվներով և շուտով կկայանա բեմադրության և ՙՄարգար պապը՚ ֆիլմի պրեմիերան Թեհրանում:






Facebook
Tweet This
Email This Post
