ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է թուրք-սիրիական սահմանին վերաբերող բանաձև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 20:11

Հոկտեմբերի 5-ից 7-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում գումարված Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը «շատ լարված էր»: Այդ մասին հոկտեմբերի 10-ի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա՝ լարվածությունը, մասնավորապես, պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատվիրակության կազմից միայն ինքն էր մասնակցում նստաշրջանի աշխատանքներին, ուստի ստիպված էր քննարկվող մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ ելույթներ ունենալ:

ԱԺ պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը, ով վերջին շրջանում առողջական խնդիրներ ունի, և «Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Օսկանյանը, ում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ-ն հոկտեմբերի 2-ին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, Տիրանա չէին մեկնել:

Ա. Գեղամյանը նստաշրջանի օրակարգային հարցերից հատկապես առանձնացրեց Թուրքիայի պատվիրակության ղեկավարի կողմից ներկայացված` թուրք-սիրիական սահմանում լարված իրավիճակին վերաբերող բանաձևը: Ա. Գեղամյանն նշեց, որ ելույթ է ունեցել` ընդգծելով, որ Սիրիայում կա մեծ հայկական համայնք: Արդյունքում` բանաձևն ընդունվել է: Միակ դեմը Հայաստանի, իսկ ձեռնպահը` Ռուսաստանի ներկայացուցիչներն են եղել:

Ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իր ընդվզումը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ «բանաձևի ընդհանուր ուղղվածությունն այն էր, որ մեղավորը միայն սիրիական կողմն է, իսկ թուրքական կողմը սրբեր են»: «Պատահական չէր, որ ես օրինակ բերեցի, որ մենք ցավակցում ենք նաև հայ մեր բարեկամների մահվան կապակցությամբ, որոնք Հալեպի օդանավակայանից վերադառնում էին տուն և ռմբակոծվել ու սպանվել էին այսպես կոչված սիրիական ազատ բանակի կողմից: Ավելին` նույն Դամասկոսում և Հալեպում շատ են եղել զոհերը, որոնք սպանվել են թե՛ կառավարական զորքերի, թե՛ Սիրիայի ազատ բանակի ընդհարումների արդյունքում, իսկ մենք գիտենք, որ զենք ու զինամթերքը հիմնականում թուրք-սիրիական սահմանով է տեղափոխվում Սիրիա»,-ասաց Ա. Գեղամյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի ծանրակշիռ դերակատարությանը, ապա, ըստ բանախոսի, դա պայմանավորված է միմիայն նրանով, որ «Թուրքիան այսօր համաշխարհային ուժի կենտրոնների պատվերն է կատարում Մերձավոր Արևելքում. այն է` ինչ ձեռնպահ են մնում անել այդ ուժի կենտրոնների անդամ երկրները, իրենք դա ուզում են և փորձում են անել Թուրքիայի ձեռքերով»: «Թուրքիան դիրքավորում է իրեն որպես պետություն, որը որոշիչ ձայն է ունենալու այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում, իսկ դրա համար նրան պետք է, բնականաբար, և ոչ մի ուժեղ պետականություն, ոչ մի ուժեղ ուժ իր ճանապարհին չունենա»,-ասաց նա` ընդգծելով, որ այսօր այդպիսի ուժ է Սիրիան:

«Փաստինֆո»

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply