Եվս մի հանրային գործարք` առանց հանրության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 10, 2012 20:10

ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի մասին լուրերը հաստատվեցին հոկտեմբերի 4-ին` կառավարության հերթական նիստի ժամանակ: Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքն ու հարակից հողամասը գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը` 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Շենքը կվերածվի հյուրանոցի:

Որոշումից անմիջապես հետո քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով. «Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել են պետական և ազգային արժեքները «հոթելներ» դարձնելուն: Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում»,-նշված է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

«Կառավարությունը, իր բոլոր օղակների հլու-հնազանդության պայմաններում, սկսել է վերացնել մեր քաղաքի կենտրոնում այնպիսի հուշակոթողներ, որոնք քաղաքացու գիտակցության մեջ եղել են և պետք է մնան որպես ՀՀ պետականությունը, պետության ինքնիշխանությունն ու անկախությունը լրացնող խորհրդանիշներ։ Ավելին, այդ խորհրդանիշ-շենքերի փոխարեն կառավարությունը խրախուսում է առևտրային-բազարային մշակույթը մասսայականացնող օբյեկտների զարգացումը»,-հայտարարեց «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Չնայած որ գնորդը պարտավորվել է պահպանել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի արտաքին տեսքը, ակնհայտ է, որ այն հյուրանոց դարձնելու համար կառուցվածքային լուրջ փոփոխություններ անհրաժեշտ կլինեն:

Վաստակավոր ճարտարապետը կառավարության վճիռը համարում է անօրեն

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանն «Անկախ»-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ: «Խնդիրը միայն այն չէ, որ գործընթացն անօրեն է իրականացվել, այլ այն, որ այդ շինությունը որպես հյուրանոց տեխնիկապես հնարավոր չէ օգտագործել առանց խաթարման: Ցանկացած շենքի կերպար թելադրում է իր բովանդակությունը: Այդ շենքի կերպարը չի թույլատրում հյուրանոց կառուցել իր տեղում»:

Ճարտարապետը կասկածում է` գնորդն այդ առումով մասնագիտական խորհրդատվություն է ստացել. «Հետաքրքիր է, Էռնեկյանը գիտի՞ այդ մասին և եթե իմանա, արդյո՞ք չի հրաժարվի այդ գործարքից»:

Ինչ վերաբերում է կառույցի հանրապետական նշանակությանը և  պատմամշակութային հուշարձանների ցանկում ընգրկված լինելու փաստին, ապա այս դեպքում Քալաշյանը օրենքի բացահայտ խախտում է նկատում. «Տվյալ պարագայում, եթե որևէ վճիռ էր կայացվում, պետք է քննարկվեր Հուշարձանների պահպանության գիտամեթոդական խորհրդում և քաղաքապետարանի քաղաքաշինական հանձնաժողովում: Որոշումը կայացվել է, սակայն ոչ ոք տեղյակ չէր դրա մասին»:

Վաստակավոր ճարտարապետը, որը նաև քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի անդամ է, համոզված է, որ եթե հարցը դրվեր  քննարկման, ապա իրենք բազմաթիվ խնդիրներ կբարձրացնեին և կստիպեին, որ պայմանագրում դրանք ամրագրվեն. «Հիմա ես կառավարության վճիռը համարում եմ անօրեն, պետք է դա չեղյալ համարվի, որից հետո առանձին քննարկման նյութ դառնա: Եթե մենք ասում ենք պատմության հուշարձան, այն էլ` հանրապետական նշանակության, նշանակում է` դա նաև հանրության սեփականությունն է: Վարչապետը դրա սեփականատերը չի, ոչ էլ նախարարը, հասարակությունն է սեփականատերը, բնականաբար նման որոշման մեջ հասարակության կարծիքն ու նկատառումները նույնպես պետք է հաշվի առնվեին»:

Հանրային խորհրդի նախագահը Արտգործնախարարության շենքի վաճառքը քաղաքական սխալ է համարում

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավով է վերաբերվում Արտգործնախարարության շենքի վաճառքին: Նա կտրականապես դեմ է եղել դրան: «Խնդիրն այն չէ` շենքը հարմար է հյուրանոցի՞ համար, թե նախարարության, խնդիրը զուտ քաղաքական է»,-«Անկախ»-ին հայտնեց նա:

Վազգեն Մանուկյանի համար շատ կարևոր էր, որ Արտաքին գործերի նախարարության շենքը գտվում էր Երևանի` կարգավիճակով ամենաբարձր վայրում, քանի որ այդ կառույցը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: «Մեզ համար Արտաքին գործերի նախարարության դերն ավելի մեծ է, քան երևի  այլ պետությունների համար: Համենայնդեպս, երբ դու աշխարհով մեկ սփռված հայություն ունես, երբ խնդիրներ ունես` կապված Ղարաբաղի հետ, դա փոխարինել ինչ որ կոմերցիոն կառույցով` լինի  հյուրանոց, թե մեկ ուրիշ բան, կարծում եմ` քաղաքական սխալ է: Դա նաև ներքին հոգեբանության հարց է»:

Վազգեն Մանուկյանը չի ընդունում այն պատճառաբանությունը, թե շենքը նախարարության համար հարմար չէր: «Թող մեկ այլ շենք էլ կառուցեին, որտեղ նախարարության այլ ենթակառույցներ կտեղակայվեին, բայց մարդկանց ընդունելը, հաստատության դեմքը պետք է մնար հրապարակում»:

Իսկ թե ի՞նչ շահեց դրանից պետությունը, Վազգեն Մանուկյանը չի հասկանում. «Մի հյուրանոց ունեինք, լավ, մեկն էլ ավելացավ, էդ տրամաբանությամբ կառավարության շենքն էլ կարող են հյուրանոց դարձնել, շատ լավ հյուրանոց կդառնա, բայց վերջիվերջո մեզ համար ի՞նչն է կարևոր…»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին մտահոգում է Արտգործնախարարության շենքի վաճառքի թափանցիկության հարցը

 Արտաքին գործերի նախարարության շենքի գնորդը պարտավորվել է նաև Արդարադատության նախարարության նախկին շենքի վայրում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իր միջոցներով կառուցել նոր շենք մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: Շենքը պետք է ձեռք բերի պետությունը վերոհիշյալ 51 միլիոն դոլարի մի մասով, և այնտեղ պետք է տեղակայվեն ոչ միայն արտգործնախարարության, այլև Տարածքային կառավարման, Էներգետիկայի և բնական պաշարների, Սփյուռքի և Արդարադատության նախարարությունները:

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն այդ ամենի մեջ մութ կողմեր է տեսնում: «14 000 քմ տարածքը վաճառվում է 51 միլիոն դոլլարով: Որ հաշվում ես` քառակուսիմետրը գալիս է 3600 դոլլար, որն այսօր Երևանի կենտրոնի համար նորմալ գին է: Բայց պարզվում է, որ նախկինում արդեն կառավարությունը, ում որ վաճառել է շենքը, նրա դուստր կազմակերպությանը տվել է Արդարադատության նախարարության վառված շենքի տարածքը և այս 51 միլիոնի գնի մի մասի դիմաց պիտի հետագայում գնի այդ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Այսինքն, այդ ընկերությունը պիտի այնտեղ կառուցի շենք, որի նախագիծը, չափերը և կառուցվածքը որևէ մեկը չի տեսել: Եվ ի՞նչ է արժենալու այդ շենքը, գնի ո՞ր մասն է կազմելու, ի վերջո մեր պետությունն ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ո´չ կառավարության որոշման մեջ կան, ո´չ էլ Պետական գույքի կառավարման վարչության պարզաբանման մեջ»,-հայտարարեց նա հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Վարդանյանի, մյուս խնդիրն էլ հնարավոր բոլոր միջոցներով պետբյուջեն լցնելն է. «Սա´ ծախել, նա´ ծախել, վարկ վերցնել, արդյունավետության մասին էլ չեմ խոսում: Ի վերջո, բաներ կան, որ վերջանալու են, ինչպես հանքարդյունավետության ոլորտում»:

Որտե՞ղ է շենքը հյուրանոցի վերափոխելու նախագիծը: Արդյո՞ք այն քննարկվել է քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում, փորձեցինք պարզել Երևանի Գլխավոր ճարտարապետի հանրության հետ կապերի պատասխանատու Անահիտ Եսայանից. «Շենքը կառավարության սեփականությունն է, և որոշումը կառավարությունն է կայացրել, այդ պարագայում քաղաքապետարանի դերը ո՞րն է, ո՞նց եք պատկերացնում»,-զարմացավ նա:

Քաղաքապետարանի աշխատակցին հիշեցրինք, որ պատմամշակութային հուշարձան համարվող շենքը նաև հանրության սեփականությունն է, մինչդեռ այն վաճառվել է առանց աճուրդի և առանց հանրային քննարկման` ուղիղ վաճառքով, որի համար պատասխանատու է նաև Երևանի քաղաքապետարանը:

Դիտվել է 2651 անգամ:
Print Friendly

Leave a Reply