75 հազար կտոր գիրք` դատապարտված մահվան (տեսանյութ, լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 12, 2012 7:00

Գրատպության 500-ամյակը` կործանվող գրադարաններով

Մարտունին ու հարակից տասնյոթ գյուղերը սպասարկող Մարտունու կենտրոնական գրադարանն անմխիթար վիճակում է: Խոնավությունից քանդվող պատեր, փտած հատակ ու անձրևաջրերից քայքայված առաստաղ, կապոցներով հատակին շարված ու խոնավությունից բորբոսնող գրքեր:

Գրադարանի շենքը կառուցվել է դեռևս Երկրորդ աշխարհամարտից հետո, սկզբնական շրջանում եղել է մանկապարտեզ: Սակայն գետի ափին գտնվելու պատճառով շենքը չափազանց խոնավ է, ինչի  հետևանքով էլ շուտով լքվել է, իսկ  հետո գրադարանի վերածվել (1996-ից ՏԻՄ ենթակայությամբ):

Անկախությունից ի վեր գրադարանի աշխատակիցները բոլոր մարզպետներին, տեղի պատգամավորներին, քաղաքապետներին ահազանգում են գրադարանի անմխիթար վիճակի մասին, լսում հավաստիացումներ, որ գրադարանն անտեսված չէ և շուտով կվերանորոգվի: Ու այդպես արդեն 20 տարի:

Գրադարանը տարածաշրջանի ամենահարուստ գրապահոցն է. ավելի քան 75 հազար կտոր գրականություն ունի:

Նախկինում Մարտունիում գործել է երեք գրադարան: Ութ տարի առաջ կենտրոնական գրադարանին միացվեց քաղաքային, իսկ հինգ տարի առաջ էլ` մանկական գրադարանը: Շենքային սուղ պայմանների պատճառով, սակայն, երկու գրադարանների գրքերն էլ մինչ օրս կապոցներով հատակին լցված են` բաց առաստաղից կաթոցների ու դեսուդեն շրջող մկների առջև:

«Երկու-երեք տարուց այլևս գիրք-գրականություն չենք ունենա: Գրքերն օր օրի փչանում են: Գրքերը դնելու տեղ էլ չունենք, կապոցներով շարված են: Որքան հնարավոր է գրադարակները խտացրել ենք, նաև սեղանների վրա ենք գրքեր շարել: Բայց միևնույն է, տեղը չի բավարարում, շենքի մի մասն էլ կիսաքանդ վթարային վիճակում է, բոլորովին օգտագործման պիտանի չէ,- ասում է գրադարանի տնօրեն Լիդա Ալեքսանյանը:- Հարակից գյուղերի գրադարաններն այլևս չեն գործում, սա տարածաշրջանում միակ գրադարանն է, ընթերցողների երեսուն տոկոսն էլ հարակից գյուղերի բնակիչներն են»:

Գրադարանն ունի շուրջ 3 հազար ընթերցող: Օրական, ըստ աշխատակիցների, սպասարկում են մինչև երեսուն ընթերցողի: Հաճախ է պատահում, որ   ընթերցողները ձեռնունայն են հեռանում:

«Գիրք կա, որից ունենք հինգ-վեց օրինակ, սակայն տեղ չունենալու պատճառով հիմնական մասը կապոցներով շարված է: Եթե գրապահոցում առկա օրինակները տեղում չեն, ստիպված ենք մերժել մյուսներին, չնայած որ գիրքը փաստացի ունենք»,- ասում է Ալեքսանյանը:

Նրա խոսքով` մեծ է նաև ժամանակակից մասնագիտական և գեղարվեստական գրականության պահանջարկը, սակայն ֆինանսական միջոցների ու տեղի բացակայության պատճառով գրադարանը գրքեր ձեռք չի բերում: Իսկ գրապահոցի համալրման միակ միջոցը նվիրատվություններն են:

Մասնաշենքերից մեկը վթարային վիճակում է, դատարկ: Գրապահոցի վերածված ընթերցասրահն էլ մի լավ վիճակում չէ. այստեղ մտնողն ամեն անգամ իրեն ենթարկում է փտած հատակում բացված անցքերն ընկնելու վտանգին: Եվ քանի որ գրադարանն ընթերցասրահ չունի, բառարաններից ու հանրագիտարաններից օգտվելու համար ընթերցողներին են հատկացնում տնօրենի սենյակը:

Նշենք նաև, որ ձմռանը գրադարանում միայն մեկ սենյակ է ջեռուցվում, որտեղ և հավաքվում է ողջ անձնակազմը: Իսկ գրքերը մնում են թաց ու ցուրտ գրապահոցներում:

Տողերիս հեղինակը վերջին անգամ էլի նյութ պատրաստելու նպատակով Մարտունու գրադարանում էր եղել 5   տարի առաջ: Այն ժամանակ դեռ նոր էր մանկական գրադարանը միավորվել կենտրոնականին, ու գրքերը կապոցներով թարմ-թարմ շարված էին վթարային մասնաշենքում: Աշխատակիցներն այն ժամանակ վստահ էին, որ առաջիկա տարվա ընթացքում շենքը վերանորոգելու են:

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բոլոր թվերի հրապարակումներում` 2007, 2008, 2010,  Մարտունու քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացրել են, որ գրադարանի մասին չեն մոռացել, և առաջիկա տարվա վերանորոգման ծրագրում ընդգրկված է: Ու այդպես մինչև օրս:

Այս տարիների ընթացքում գրադարանում որևէ դրական փոփոխություն, սակայն, նկատելի չէ. ավելացել է անձրևաջրերից քայքայվող առաստաղի մակերեսը, ուժեղացել է բորբոսնած գրքերի արձակած գարշահոտը, ավելացել է փտած հատակի անցքերի թիվը:

Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Բաղդասարյանն «Անկախի» հետ զրույցում ևս փաստեց, որ գրադարանն անմխիթար վիճակում է, ու իրենք տեղյակ են: Վերջին 6 տարվա ընթացքում մի  անգամ գումար են հատկացրել գրադարանի սենյակներից մեկի կոսմետիկ վերանորոգման համար, հատակի լիցքն են բարձրացրել, բայց այդքանով գումարն ավարտվել է, ու գործը կիսատ է մնացել:  «Հարցը բազմիցս բարձրացվել է նախկին ղեկավարների, նախարարների առջև, անձամբ վարչապետն է այցելել գրադարան ու տարածքն ուսումնասիրել»,- ասում է Բաղդասարյանը:

Վարչապետի այցից հետո նախատեսվում էր, որ գրադարանի վերանորոգումը կիրականացվի  Հայաստանի Հանրապետության սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Սակայն այնպես է ստացվել, որ ծրագիրն առաջնահերթ է համարել Մարտունու երաժշտական դպրոցի վերանորոգումը, որը և առաջիկայում նախատեսվում է սկսել:

«Քանի որ սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից մեկ ծրագիր արդեն իրականացվում է, իսկ մեկ համայնքում նույն տարվա մեջ երկրորդ ծրագիրն անթույլատրելի է, կատարած հաշվարկներով գրադարանի վերանորոգումը նախատեսվում է ընդգրկել 2013-ի որևէ ծրագրի մեջ,- ասում է Բաղդասարյանը:- Սպասում ենք, թե որ ծրագրի շրջանակներում կընդգրկվի գրադարանի վերանորոգման ծրագիրը: Չափագրման, հետազոտման, ֆինանսական խնդիրների պահանջի վերաբերյալ աշխատանքներն արված են, հստակ հայտնի է, թե ինչ մակերեսներ են անհրաժեշտ»: Նրա խոսքով` գրադարանի ամբողջական վերանորոգման համար հարկավոր է առնվազն 70-80 մլն դրամ. «Նման գրական հարուստ ժառանգությունը պահպանելու համար ինձ թվում է 70 էլ, 100  մլն էլ արժի ծախսել»:

Նշենք, որ գրադարանի տնօրենը «Անկախի» հետ զրույցից  տեղեկացավ, որ գրադարանի վերանորոգումն այս տարի ևս չի սկսվի: Համայնքապետարանից խոստացել էին 2012-ին գոնե գործը սկսել, ու ողջ աշխատակազմը հավատով լի սպասում էր:

Հ.Գ.

Այս տարի Հայաստանը մեծ շուքով նշում է գրատպության 500-ամյակը, Երևանը հայտարարվել է գրքի մայրաքաղաք: Անհասկանալի է, թե գրքերի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքի պայմաններում ինչպես է մեր հինգհարյուրամյա ժառանգությունը ներկա  օրեր հասել: Սակայն պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում անհետ վերացնելու ենք այդ ժառանգությունը:

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply