Ինտերնետային առևտուր. Մեզ մոտ դեռ չի ձևավորվում քաղաքակիրթ գնումների այս մշակույթը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 16, 2012 7:00

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մեր առօրյա կյանքում անհամեմատ մեծացել է: Եթե տարիներ առաջ համակարգիչ և ինտերնետ ունենալը շատ ընտանիքներում շքեղություն էր, ապա ներկայումս հենց այդ նույն ընտանիքներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դարձել է պարզապես անհրաժեշտություն: Նախկինում ինտերնետ կապի ամբողջական հասանելիությունը խոչընդոտող  էական խնդիրներ կային թե՛ որակական, թե՛ գնային առումով: Սակայն ժամանակի ընթացքում մենաշնորհային կարգավիճակի ազատականացման արդյունքում զգալի բարելավում արձանագրվեց: Ստեղծված մրցակցության պայմաններում ինտերնետի ոլորտում մեծացավ մատուցվող ծառայությունների տեսականին,  այնուհետև նվազեցին սակագները: ՏՏ ոլորտում գործող ընկերությունների կողմից պարբերաբար հրատարակվող վիճակագրական տվյալները փաստում են, որ ինտերնետ օգտագործողների թիվն օրեցօր մեծանում է, որոնք  էլկտրոնային կապը կենցաղում կիրառում են տարբեր նպատակներով: Ոմանք դրանով իրականացնում են բիզնես ծրագրեր, ոմանք կրթվում են, կամ կիրառում աշխատավայրում, ոմանց համար էլ ինտերնետը  զուտ ժամանցի միջոց է:

Տարիներ առաջ էլեկտրոնային տարբերակով հնարավոր դարձավ նաև կոմունալ  վճարումների իրականացումը: Այս հանգամանքը, բնականաբար, նաև ինտերնետային առևտրի պահանջարկը մեծացնելու նախադրյալներ ստեղծեց. ինչպես  ներքին, այնպես էլ միջազգային շուկայում:

Ինտերնետային առևտրի ոլորտը, մասնագետների դիտարկմամբ,  դինամիկ զարգացում ապրող ոլորտ  է ամբողջ աշխարհում: Օրինակ` Ռուսաստանում այս համակարգը շատ զարգացած է, և ինտերնետային առևտրի ծավալներն այս երկրում տարեկան կտրվածքով հասնում են  192 մլրդ ռուբլու: ՌԴ-ին հաջորդում են Ուկրաինան և Ղազախստանը:

Որքանո՞վ է մեր երկրում պահանջված ինտերնետային առևտուրը: Նախ նշենք, որ այսօր «Արմենիան քարդ» (ArCa) վճարահաշվարկային  համակարգը հնարավորություն  է տալիս գնումներ կատարելու ինտերնետում: Ընկերության գործադիր տնօրեն Իշխան  Մխիթարյանի կարծիքով` Հայաստանում վիրտուալ առևտուր  կազմակերպելու համար նախապայմաններ շատ կան, սակայն այն զարգացնելու համար դեռ ժամանակ է պետք:

Հաճախորդներից շատերը հոգեբանորեն պատրաստ չեն ապրանք գնելու առանց այն նախապես շոշափելու, իսկ ապրանք վաճառողները  դեռևս պատրաստ չեն առևտուր իրականացնելու քարտային տարբերակով, հայկական կայքերում էլ դեռևս համատարած գնապիտակներ չկան նշված: Ըստ Ի.Մխիթարյանի` նախ և առաջ պետք է փոխել հասարակության մտածելակերպը, ինչը մի քանի տարի կպահանջի: Մատնանշելով բարեհաջող անցումը կանխիկից քարտային համակարգին` նա համոզմունք հայտնեց, որ նույն հաջողված փորձն էլ այս ասպարեզ կփոխանցվի:

Հիշեցնենք, որ քարտային համակարգի առաջին գործարքը իրականացվել է տասը տարի առաջ և այժմ ՀՀ տարածքում միայն այս ընկերության շրջանակներում թողարկված պլաստիկ քարտերից օգտվողների թիվը  գերազանցում է 600  հազարը: Միայն այս տարվա հուլիսին առևտրային բանկերը թողարկել են 29,200 քարտ, ինչը գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 43%-ով: Օգոստոսի 1-ի դրությամբ  համակարգում ակտիվ քարտերի քանակը 894,964 է, ինչը 36 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Սակայն դա դեռևս չի  մեծացնում վիրտուալ առևտրի ծավալները: Իշխան Մխիթարյանի կարծիքով` մեր երկրում պլաստիկ քարտերը շատերի համար ծառայում են միայն որպես աշխատավարձի կամ կենսաթոշակի կանխիկացման միջոց:

Այս տարվա հուլիս ամսվա ընթացքում քաղաքացիները իրականացրել են մոտ  75  հազար առցանց գործարք: Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ` գործարքների քանակը մոտ 60, 3  տոկոսով աճել է, իսկ ծավալը` 95,5 տոկոսով: Ի. Մխիթարյանի տեղեկացմամբ` վիրտուալ քարտերով գործարքների առավել աշխուժացման և հատվածի զարգացման նպատակով մշտապես ընդլայնվում է առցանց առևտրի և սպասարկման կետերի քանակը: Համակարգը, նրա դիտարկմամբ, մեծ հեռանկարներ ունի: Նրա կանխատեսումներով` մինչև տարեվերջ առցանց գործարքների ծավալը 100%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները:

Որոշ առևտրային կետերում ինչու՞ են հրաժարվում  անկանխիկ գործարքներից: Զրուցակցիս պարզաբանմամբ` պատճառը ոչ թե միջնորդավճարներն են, այլ առկա շարժառիթները: Տնտեսվարող սուբյկետների կողմից անկանխիկ գործարքներից հրաժարվելու հավանական պատճառ կարող է լինել շրջանառության իրական ծավալների քողարկման ձգտումը: Իսկ անկանխիկ գործառության պարագայում այդ երևույթը դառնում է գրեթե անհնարին: «Հենց այդ պատճառով անկանխիկի խրախուսումը կարելի է դիտարկել նաև որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետ միջոց»,- ասում է նա:

Որքան էլ ավելանում է անկանխիկ գործարքների թիվը, միևնույն է,  ինտերնետային առևտուրը մեզանում դեռևս նորամուծություն է, առևտրի իրականացման այս տարբերակից դեռ շատ հեռու ենք: Վիրտուալ տարբերակով գուցե այսօր գործում են շատ ծառայություններ, ավիատոմսերի պատվիրում, ծաղկեփնջերի առաքում, բայց դրանցից օգտվողները մեծամասնություն չեն: Մեզանում դեռևս չի ձևավորվել վիրտուալ գնումների մշակույթը:

 Լ.Ն

 

 

Դիտվել է 1910 անգամ:
Print Friendly

Leave a Reply