Հիմնական ուժը տաղանդավոր կադրերի մեջ է : ՏՏ ոլորտում ասելիք ունե՞նք աշխարհին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 11, 2012 16:00

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկիրն առաջընթաց քայլեր է անում: Տարեցտարի ավելանում են ոլորտին ուղղված պետբյուջեի հատկացումները: Արդեն հայաստանյան տեխնոլոգիական ոլորտում  գործում է  350 ընկերություն, մասնագետների թիվը հասնում է  7 հազարի: Հայտնի միջազգային կազմակերպություններ կան, որոնք մեր երկրում զբաղվում են ինժեներական, գիտահետազոտական աշխատանքներով և մշակում են նաև էլեկտրոնային ավտոմատացման նախագծային և ծրագրային տարբեր լուծումներ:

Տարին մի քանի անգամ Հայաստանում կայանում են տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներ, որոնց կազմակերպումը  հնարավորություն է տալիս տարբեր ընկերություններին հանդիպելու իրար, ծանոթանալու միմյանց գործունեությանը և ներկայացնելու սեփական արտադրանքը: Վերջերս օրինակ` կայացավ «ԴիջիԹեք» ամենամյա էքսպոն, դեկտեմբերին ԱՄՆ Սիլիկոնային հովտում տեղի կունենա «ԱրմԹեք» միջազգային ֆորումը, այնուհետև «ԱրմՌոբոտիքս» ցուցահանդեսը և համակարգչային խաղերի բաց առաջնությունը:

Ինչքանո՞վ է տեղական արտադրանքը մրցունակ, կամ ի՞նչ գիտական ներուժ ունենք, կրթական հաստատությունները կարողանո՞ւմ են լավագույն ՏՏ մասնագետներ պատրաստել:

Օրեր առաջ «Սինոփսիսի» շաբաթվա շրջանակներում պարզ դարձավ, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական ոլորտում իսկապես մեծ ներուժ ապահովելու նախադրյալներ կան: «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում նախորդ շաբաթ ՀՀ նախագահը լավագույն ուսանողներին ու շրջանավարտներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեց: Իսկ օրեր առաջ Սինոփսիսի ուսումնական դեպարտամենտի լավագույն 89 շրջանավարտներն ավարտական վկայականներ ստացան` Հայաստան ժամանած «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանի կողմից, որն ամեն տարի այցելում է Հայաստան` տեղեկանալու ընկերության ձեռքբերումների մասին:

ՀՀ-ում ԱՄՆ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարծիք է հայտնում, որ Հայաստանի հիմնական ուժը տաղանդավոր կադրերի առկայությունն է: «Նման ուսուցումների արդյունքում շրջանավարտները կարողանում են ավելի կատարելագործվել և հեշտությամբ վարձատրվող աշխատանք գտնել: Աշխարհում շատ քիչ կրթական հաստատություներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց ունեցած արդյունքներով: Նման կադրերի կարիք Հայաստանը շատ ունի»,- ասում է ԱՄՆ լիազոր դեսպանը: Իսկ ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը կարծում է, որ միկրոէլեկտրոնիկայի նման արագ զարգացող ոլորտում արհեստավարժ և արտադրությանը պատրաստ շրջանավարտներ կրթելու գործում մեծ նշանակություն ունի բիզնեսի և կրթության սերտ համագործակցությունը: Ուստի իրենք պատրաստ ենք սատարել Հայաստանի երիտասարդներին կրթության մեջ ներդրումներ կատարելու գործում՝ օժանդակելով բարձր տեխնոլոգիաների աճող և կայուն արտադրությանը մեր երկրում:

Այնուհետև Սինոփսիսի շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 5-7-ը անցկացվեց ութամյա պատմություն ունեցող «ԴիջիԹեքը», որն այս տարի տեղի ունեցավ Երևանի մաթեմատիկական և մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ցուցահանդեսային համալիրում: Այս տարի այցելուների աննախադեպ աճ էր արձանագրվել, ավելացել էր թե՛ տաղավարների, թե՛ մասնակից ընկերությունների թիվը: 120 տեղական և արտասահմանյան  կազմակերպություններ ցուցադրության էին հանել տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային և նորարարական լուծումներ, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչների գնահատմամբ` այս տարի ակնկալվում է հատկապես այցելուների թվի աճ մոտ 30 տոկոսով: «ԴիջիԹեք»-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հանարավորություն է ընձեռում: Բացի այդ, նպաստում է նաև միջազգային կապերի ընդլայնմանը:

Կազմակերպիչները հիշում են, որ Հայաստանում գործող խոշորագույն ՏՏ ընկերություններից շատերի հետ համագործակցությունը սկսվել է հենց այս ցուցահանդեսի շրջանակներում: Այս տարի մասնակից պետությունների թվում էին նաև Սինգապուրը, Կորեան, Գերմանիան և Իտալիան: Մասնակցում էին նաև ռուսական և վրացական ՏՏ ընկերություններ: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում էր իտալական ImagingLab ընկերությունը, որը մասնագիտացված է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Ճարտարագիտական նորարարական լուծումների ոլորտում  ընդհանուր տաղավարով հանդես էին եկել 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կարծիքով` այս տարվա ցուցահանդեսին ոգևորող է այն փաստը, որ  այն առաջին անգամ անցկացվում է ազատ տնտեսական գոտում, որը պատմական նշանակություն ունի, բացի այդ, այս տարի ցուցահանդեսը ընդլայնվել է ևս 20 նորաստեղծ հայկական ընկերություններով: «Այս անգամ ավելի շատ են ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիական լուծումները,  այսպիսով հայերը ցույց են տալիս աշխարհին, որ իրենք ոչ միայն էժան աշխատուժ են, այլև լուծումներ առաջարկող ժողովուրդ»:

Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ` այս տարի հիմնական շեշտը դրված է  կրթական  ծրագրերի և տեխնոլոգիական ձեռներեցության ուղղությունների վրա, և մասնակիցների  թվի աճը վկայում է, որ մեծանում է բոլորի հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ:

Ոգևորիչ է նաև այն փաստը, որ երիտասարդները կարող են այս հարթակի միջոցով ծանոթանալ ներկայացված ընկերությունների հետ և ապագա մասնագիտություն ընտրել ՏՏ ոլորտում:

Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն ունեցան հանդիպելու գործատուների հետ և  ծանոթանալու նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին` ներկայացնելով իրենց տվյալները:  Եթե Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը փաստեց ոլորտում արձանագրված 13-15 տոկոս աճի մասին, ապա կարելի է հավատալ, որ առկա գիտական ներուժը ստեղծում է լուրջ հեռանկարներ ոլորտի հետագա զարգացման համար:

Լ.Ն

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply