ՅՈՀԱԿԻՄ ՄՅՈՒՐԱՏ. Արցախցի շինականի որդին, որ եվրոպական գահեր նվաճեց…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 15, 2012 7:00

Ասում են, երբ կաթոլիկ քահանան գնդակահարությունից առաջ մոտեցավ Մյուրատին, որպեսզի հաղորդություն տա նրան, Մյուրատը հայհոյեց. «Հեռու ինձնից, շուն, ես քո հավատից չեմ»: Իսկ զինվորներին կարգադրեց. «Նշան բռնեք սրտիս, խնայեցեք դեմքս»:

Յոհակիմ Մյուրատը (ուսումնասիրողներից շատերը Մյուրատին հայ են համարում և մեջբերում են նրա անվան հայկական տարբերակը` Հովակիմ Մուրադյան) ծնվել է 1767 թ. մարտի 25-ին: Աղբյուրները Մյուրատի ծննդավայր համարում են ֆրանսիական հարավի Լա-Բաստիդ գյուղը, սակայն նրա կենսագրության մեջ շատ են հարցականներն ու անհայտ էջերը: Որոշ ուսումնասիրողներ պնդում են Մյուրատի հայկական ծագումը, նրա ծննդավայրը համարում են Արցախի Կրկժան գյուղը:

Համաձայն Մյուրատի ծագման հայկական վարկածի` նա հարուստ վաճառականի զավակ էր և տան 12 երեխաներից ամենակրտսերը: Հայրը հույս ուներ, որ նա կսովորի վաճառականություն ու իր օգնականը կլինի այդ գործում: Այդ նպատակով էլ հեռավոր ճամփորդությունների ժամանակ իր հետ էր վերցնում Հովակիմին: Տակավին պատանի` Հովակիմն արդեն հասցրել էր ճամփորդել ողջ Եվրոպայում:

Հովակիմը ուսումնառությունն սկսում է Թուլուզում` ուսումնասիրելով աստվածաբանություն: Շուտով, սակայն, անկարգ վարքի համար Հովակիմին հեռացնում են ճեմարանից: Անհանգիստ բնավորության տեր երիտասարդը շուտով հայտնվում է բանակում` միանալով հեծելազորային կամավորական ջոկատին: Սակայն այստեղ էլ ապագա զորավարը երկար չմնաց և դարձյալ անկարգության համար վտարվեց հեծելազորից:

Իր համար ապագայի հեռանկարներ որոնելով` Հովակիմը նետվեց ֆրանսիական հեղափոխության հորձանուտ: Շուտով առիթ եղավ ծանոթանալու երիտասարդ գեներալ Նապոլեոն Բոնապարտի հետ: Նապոլեոնը միապետականների ապստամբությունը ճնշելու համար ջոկատ է հավաքում, որում էլ 1791 թ.  հայտնվում է Մյուրատը: Այս անգամ նրա մուտքը բանակ հաջող էր, և ընդամենը մեկ տարի անց ստացավ լեյտենանտի ուսադիրներ, իսկ 1793 թ. Մյուրատն արդեն կապիտան էր: Մյուրատի և Նապոլեոնի ընկերությունը երկար տևեց` մինչ նրանց կյանքի վերջը: Հետաքրքիր խոսքերով է բնութագրել նրան Նապոլեոնը. «Նա ինձ պարտական է ամեն ինչով, նա սիրում, նույնիսկ պաշտում էր ինձ: Նա իմ աջ ձեռքն էր, որը, սակայն, երբ պետք է ինքնուրույն գործեր, կորցնում էր ողջ եռանդը: Մյուրատը քաջությամբ գերազանցում էր բոլորին. մարտի դաշտում իսկական ասպետ էր, իսկ աշխատասենյակում` անխելք և անվճռական պարծենկոտ: Ողջ աշխարհում չկա ավելի ընդունակ, անվախ և փայլուն հեծելազորային ղեկավար, քան Մյուրատը»:

Մյուրատը մեծ ծառայություն մատուցեց Նապոլեոնին, երբ 1795 թ. արյան մեջ խեղդեց

Փարիզում միապետականների բարձրացրած ապստամբությունը: Դրա համար հաջորդ տարի, ընդամենը 29 տարեկան հասակում, նա դարձավ բրիգադի գեներալ, իսկ Եգիպտական արշավանքի ժամանակ` 1799 թ. ցուցաբերած անձնական քաջության համար դարձավ դիվիզիայի գեներալ:

Մյուրատը որպես հեծելազորային մասնակցեց Նապոլեոնի պատերազմներին: Նա փայլեց թե՛ Իտալիայում (Մարենգոյի ճակատամարտում), թե՛ Եգիպտական անհաջող արշավանքի ժամանակ:

Ամենամեծ ծառայությունը, որ Մյուրատը մատուցեց Ֆրանսիայի ապագա կայսրին, թերևս 1799 թ. Բրյումերի 18-ն էր: Իշխանության գնացող Նապոլեոնը պայքարի ամենավճռական պահին հուսալքված ուզում է նահանջել: Միայն Մյուրատն է, որ կանգնեցնում է նրան, տարհամոզում, բացատրելով, որ նահանջելն արդեն ուշ է, և իր զորքով գրավում է պառլամենտն ու ձերբակալում 500 պատգամավորներին, ըմբոստացողներին տեղում գնդակահարում: Արդյունքում Նապոլեոնը հայտնվում է իշխանության բարձունքում:

Ի նշան երախտագիտության` 1800 թ. Նապոլեոնը Մյուրատին ամուսնացրեց իր քրոջ` 18-ամյա Կարոլինայի հետ:

Մյուրատն արագ կարիերիա ապահովեց իր համար: Արդեն 1804 թ. նա Ֆրանսիայի մարշալ էր, իսկ Նապոլեոնի կայսերական գահ բարձրանալու նախօրեին` Փարիզի նահանգապետը: Սակայն դա բնավ պայմանավորված չէր Նապոլեոնի հետ խնամիական կապերով: Նա քաջ էր ու խիզախ: Աչքի էր ընկել կայսրի բոլոր մեծ ու փոքր պատերազմներում: Հատկապես Աուստերլիցի ճակատամարտում Մյուրատը փայլեց իր հեծելազորով: Ճակատամարտից հետո նա տիրացավ Դյուսելդորֆին և դքսի կոչում ստացավ: Ահա այս ժամանակ որոշ  լարվածություն առաջացավ Նապոլեոնի և Մյուրատի միջև: Բանը հասավ նրան, որ կայսրը մեկուսացրեց Մյուրատին բանակից և պետական գործերից: Այնուամենայնիվ, գնահատելով նրա քաջությունն ու հմտությունը, դարձյալ կանչեց իր մոտ, և վաղեմի ընկերները հաշտվեցին:

1805 թ. նրա սուրը փայլատակեց Աուստերլիցի ճակատամարտի ժամանակ` ջախջախելով ռուս-ավստրիական միացյալ բանակը: Իսկ հաջորդ տարի աչքի ընկավ ռուս-պրուսական կոալիցիայի ջախջախման մարտերում: Այս հաղթանակների կապակցությամբ Նապոլեոնը Մյուրատին պարգևեց Բերգի դքսությունը:

1807 թ. կնքված ռուս-ֆրանսիական Տիլզիտի հաշտությունից հետո Մյուրատը ռուս կայսր Ալեքսանդր Առաջինի (1801-1825) կողմից պարգևատրվեց Սուրբ Անդրեի շքանշանով:

Մյուրատն աչքի ընկավ նաև իսպանական արշավանքի ժամանակ, երբ 1808 թ. 80.000 զորքով գրավելով Մադրիդը` ճնշեց իսպանացիների ապստամբությունը: Իսպանիայի թագավոր հռչակվեց Նապոլեոնի եղբայրը` Ժոզեֆ Բոնապարտը, որը մինչ այդ Նեապոլիտանիայի թագավորն էր:

Մյուրատը երազում էր գահի մասին: Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Նապոլեոնը նրան խոստացել էր Հայաստանի թագը, բայց դա այդպես էլ երազ մնաց:

Այնուամենայնիվ, նա թագավորեց: Նույն 1808 թ., ի հատուցումն ծառայությունների, Նապոլեոնը Մյուրատին հանձնեց Նեոպոլիտանիայի թագը: Նա գահ բարձրացավ Սարդինիայում որպես  Յոհակին Նապոլեոն թագավոր: Գահակալության սկիզբը նշանավորեց Սարդինիայում քաղբանտարկյալներին շնորհած ազատությամբ, որ ավելի ամրապնդեց նրա հեղինակությունը տեղում: Նույն տարում նա փորձեց անգլիացիներից գրավել և իր թագավորությանը կցել Սիցիլիա կղզին, բայց անհաջողության մատնվեց:

Սակայն  Մյուրատի և Նապոլեոնի հարաբերությունները հետզհետե վատացան: Բանը հասավ նրան, որ Մյուրատը Նապոլեոնից պահանջեց հետ կանչել ֆրանսիական բանակը Նեոպոլիտանիայից: Երբ Նապոլեոնը մերժեց, Մյուրատը իր թագավորության տարածքում գտնվող ֆրանսիական գեներալներին ստիպեց ընդունել Նեոպոլիտանիայի քաղաքացիություն: Միայն Նապոլեոնի վճռական միջամտությունը կանգնեցրեց Մյուրատին:

Բայց դա չխանգարեց, որ Նապոլեոնը Մյուրատին վստահի նաև ռուսական պատերազմում: Ռուսական արշավանքի ժամանակ Մյուրատի հրամանատարության տակ էր ֆրանսիական պահեստային հեծելազորը 30 հազար մարտիկներով: Այստեղ Մյուրատը ուղղակի փայլեց ռազմական հանճարով:

Նա աչքի է ընկել Բորոդինոյի, Դրեզդենի, Լայպցիգի ճակատամարտերում` առաջնորդելով ֆրանսիական հեծելազորը գրոհի: Մանավանդ Բորոդինոյում նա աչքի ընկավ անձնական քաջությամբ ու դժվարին կացության մեջ զորքը կառավարելու հմտությամբ: Գտնվելով շրջապատման մեջ` Մյուրատը խելամիտ քայլերով կարողացավ խուսանավել, մինչև ֆրանսիական հետևակը օգնության կհասներ: Ավելորդ չէ նշել, որ Բորոդինոյի ճակատամարտում ֆրանսիական բանակը 40 գեներալ կորցրեց:

Մյուրատի անձնական քաջությունն ու հմտությունը գնահատում էին անգամ ռուսները, որոնք բանակցությունների և շփումների ժամանակ չէին թաքցնում իրենց հիացմունքը: Մյուրատը մեծ հեղինակություն էր մանավանդ կազակների մոտ, որոնք գնահատում էին քաջությունը: Ֆրանսիական և ռուսական բանակներում անգամ կատակով Մյուրատին անվանում էին «Կազակների արքա»:

1812 թ. դեկտեմբերին Նապոլեոնը, հեռանալով Ռուսաստանից, ֆրանսիական բանակի ընդհանուր հրամանատարությունը հենց Մյուրատին հանձնեց: Սակայն շատ չանցած` ինքն էլ հեռացավ` հրամանատարությունը հանձնելով Եվգենի Բոգարնեին: Մյուրատի հեռանալու պատճառը սեփական թագավորության մեջ սկիզբ առած անկարգություններն էին:

1813 թ. հոկտեմբերի 24-ին փայլելով Լայպցիգի մեծ ճակատամարտում, կարելի է ասել, Մյուրատը թողեց զինվորական ասպարեզը: Նա հեռացավ Նապոլեոնից, որի աստղը արդեն դեպի մայրամուտ էր թեքվում:

Օղակը Նապոլեոնի կայսրության շուրջ սեղմվում էր: Մյուրատն ամեն ինչ արեց, որպեսզի պահպանի իր գահը: Նա 1814 թ. պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի դաշնակցում կայսրին, և անգամ ռազմական ցույց կազմակերպեց Եվգենի Բոգարնեի դեմ: Սակայն այդպես էլ գործը բախման չհասավ: Այս պայմաններում Մյուրատը գաղտնի բանակցում է նաև Նապոլեոնի հետ` ակնկալելով նրա հաղթանակի դեպքում իր թագի շուրջ միավորել ողջ Իտալիան:

Նապոլեոնի Էլբայից փախուստից հետո և 100-օրյա գահակալման ժամանակ Մյուրատը կրկին Ֆրանսիայի կայսրի կողմը բռնեց: Դա բացատրվում է նրանով, որ դաշնակիցները, չվստահելով Մյուրատին, պատրաստվում էին գահընկեց անել նրան: Նա, օգտվելով առիթից, փորձեց անգամ Իտալիան միավորել իր թագի շուրջ: Կոչ անելով իտալացի ժողովրդին միասնաբար պայքարի ելնել ավստրիացի զավթիչների դեմ` պատերազմ հայտարարեց Ավստրիային, գրավեց Հռոմը, Բոլոնիան, բայց ստացավ Նապոլեոնի մերժումը, ապա և  ճակատամարտում ջախջախվեց ավստրիական զորքերի կողմից:

Դա ստիպեց Մյուրատին խոհեմ լինել, հետ քաշվել: Նեապոլում ավստրիացիների դրդմամբ նրա դեմ ապստամբություն կազմակերպեցին նախկին թագավորի` Ֆերդինանտի կողմնակիցները: Մյուրատը ընտանիքով խույս տվեց Ֆրանսիա: Փաստորեն, չմասնակցեց Վաթեռլոոյի վճռական ճակատամարտին, որտեղ Նապոլեոնի բանակը վերջնականապես ջախջախվեց:

Սակայն Վաթեռլոոյի ճակատամարտից խույս տալը չփրկեց Մյուրատին: Հավատարիմ մարդկանց խմբով նա Ֆրանսիայից նավով ուղևորվեց Նեապոլ` ցանկանալով այնտեղ իր համախոհներով ապստամբեցնել ժողովրդին և կրկին գրավել գահը, բայց արագ ձերբակալվեց: Ռազմական դատարանը արագ նիստ գումարեց: Վճիռը սպասելի էր. գնդակահարություն, որ իրականացվեց 1815 թ. հոկտեմբերի 13-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3188 անգամ:
Print Friendly

Leave a Reply