Գորտնուկներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 13, 2012 7:00

Գորտնուկները  մաշկի կամ էլ լորձաթաղանթի գերազանցապես  բարորակ գոյացություններ են, որոնց առաջացման պատճառը երբեմն նաև  մաշկի վարակումն է պապիլոմայի  մանրէով: Այս մանրէի բազմացման համար նպաստավոր են   հատկապես խոնավ պայմանները (հասարակական բաղնիք, լոգարան, հանդերձարան ևն): Գորտնուկները  մաշկի վրա  առաջացած անհարթ  և ուռուցիկ կամ պտկիկանման հանգույցներ են, որոնք հանդիպում են կղզյակներով` կուտակումների տեսքով կամ մեկական:  Տարբերում են սովորական, հարթ և ծերունական գորտնուկներ: Սովորական, հարթ գորտնուկների ինկուբացիոն շրջանը 2-5 ամիս է:

Սովորական գորտնուկները, որոնք այլ կերպ կոչվում են նաև պատանեկան գորտնուկներ, առաջանում են ձեռքի դաստակներին, ոտնաթաթերին, մատներին:  Դրանք հիմնականում լինում են կոշտ:

Սովորական գորտնուկների տարատեսակ են ներբանային գորտնուկները, որոնք առաջանում են կոշիկի հարած տեղում ու հատկապես ուժեղ քրտնող մարդկանց մոտ:  Շատ կոշտ, մոխրագույն ու եղջրացած գորտնուկները շատ ցավոտ են լինում, որոնք խանգարում են քայլելու ժամանակ, երբեմն կարող են ժամանակավոր  անաշխատունակության հանգեցնել: Ոտնատակին առաջացած  գորտնուկները լինում են հարթ մակերեսով ու կարծր,  քանի որ անընդհատ ուժեղ ճնշման տակ են գտնվում: Դրանք կոչվում են եղջրային ու հիմնականում առանց որևիցե միջամտության էլ անցնում են: Սակայն կարող են նույնիսկ տարիներ անհանգստացնել կամ ժամանակ առ ժամանակ հայտնվել ու անհետանալ:

 Իսկ եթե այն ցավ է պատճառում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի. մասնագիտական ցուցումներով ու միջամտությամբ կարելի է ազատվել  անհարմարության զգացում ու տհաճություն պատճառող կոշտուկից:

Բարդությունը գորտնուկների տարածումն է  մարմնի մյուս հատվածների վրա:

Ծերունական գորտնուկները վիրուսային ծագում չունեն:

Ինչ կարող ենք անել մենք` ինքներս

Հիշեք. գորտնուկը չի կարելի կտրել, քանի որ դա  ավելի կխթանի վարակի տարածումը: Մինչ տեղային կիրառման միջոցներ ընդունելը դիմեք բժշկին ու  կրկին` դիմեք մասնագետին, եթե այն սկսել է ցավ ու անհարմարություն պատճառել:

Նա կարող է հեռացնել գորտնուկը սառեցման  մեթոդով (հեղուկ ազոտի կիրառմամբ), թթվով , հոսանքի  կամ լազերի միջոցով այրելով: Երբեմն պատահում է, որ մեկ գորտնուկը բուժելուց հետո անհետանում են մնացածները:

Ծերունական գորտնուկները, որոնք առաջանում են 40-ն անց տարիքում, հիմնականում լինում են մեջքին ու կրծքին: Դրանք լինում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն վերջիններիս մոտ` ավելի հաճախ:

Կանխարգելիչ միջոցներ

Խուսափեք գորտնուկներ ունեցող մարդկանց հետ ուղիղ շփումից: Երբեք ուրիշի կոշիկ, գուլպաներ մի հագեք, եթե մանավանդ գիտեք, որ նրանք գորտնուկ ունեն: Հասարակական բաղնիքում, լողավազանում ու հանդերձարանում երբեք ու ոչ մի դեպքում բոբիկ մի քայլեք:

 Ահա  գորտնուկներից ազատվելու մի քանի  ժողովրդական միջոց ու օրինակ.

Ես ունեի գորտնուկներ, որոնցից ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել: Ինչ ասես, որ չեմ փորձել. դա իսկական մղձավանջ էր, չգիտեի` որտեղ թաքցնեմ գորտնուկոդ  ձեռքերս: Ու մի անգամ մայրս ինչոր տեղ կարդաց, որ պետք է  թեյածառի յուղ քսեմ (այսօր այն հասանելի է բոլորին): Ի զարմանս ինձ, երկու անգամ քսելուց հետո արդեն գորտնուկները փոքրացան, իսկ թե ինչպես վերջնականապես անհետացան` չեմ էլ նկատել: Անսահման ուրախ էի, իսկ հետո իմացա նաև, որ թեյածառի յուղը մանրէասպան հատկություն ունի, և գրեթե բոլոր մանրէների դեմ արդյունավետ է աշխատում:

Իմ կարծիքով էլ միայն լազերային վիահատությամբ կարելի է վերջնականապես ազատվել այդ գլխացավանքից:

Իսկ ես էլ միջոց չմնաց, որ չփորձեմ ու վերջապես գորտնուկներից ազատվեցի գերչակի յուղով: Դրա համար պարզապես հարկավոր է գորտնուկը կամ էլ պապիլոման տրորել գերչակի յուղով թաթախված խծուծով, ասենք` շաբաթական երկու անգամ: Նույնիսկ սպի չի մնացել:

Ժողովրդական միջոցներից է նաև սխտորով բուժումը.  դրա համար ամեն օր պետք է կիսած սխտորով տրորել գորտնուկները:

Ի դեպ, ժողովրդական բժշկությունն ասում է, որ գորտնուկների բուժման հաջողությունը կախված է լուսնի փուլերի հետ. պնդում են, որ պետք է բուժումը սկսել լիալուսնից նորալուսին ընկած փուլում` (նվազող լուսնի ժամանակ) ու կտրականապես արգելվում է աճող Լուսնի փուլում կատարվող բուժումը:

Ի դեպ, սա ամենը չէ, ասում են, որ գորտնուկների առաջացումը նաև հոգեբանական պատճառներ ունի. հավանական պատճառներից են ատելությունն ու սեփական անձի թերագնահատումը:

Ինչպե՞ս կարելի է բարելավել քունը

Մինչ վերջերս էլ այն համոզմունքն էր տիրում, որ քնի ժամանակ հանգստանում ենք, վերականգնում ուժերը: Մինչդեռ, պարզվում է, որ քնած ժամանակ ուղեղն ավելի լավ է աշխատում, այդ ժամանակ է, որ ուղեղը մշակում է ողջ օրը ստացած տեղեկությունն ու  հիշողության մեջ կուտակում:

Գոյություն ունի քնի խանգարման 80 տարատեսակ: Բնակչության 30%-ը ողջ կյանքի ընթացքում տառապում է անքնությամբ: Իսկ  ծերունական տարիքում` յուրաքանչյուր երկրորդը: Անքնությունը մի քանի հասկացություններ է միավորվում. դժվար քնելը, մակերեսային քունը, գիշերվա ընթացքում հաճախակի արթնանալը, վաղ արթնանալն ու կրկին քնել չկարողանալը, քնի տևողության խանգարումը: Իսկ երբեմն էլ այս բոլորը միասին են հանդիպում:

Անքնությամբ տառապող մարդկանց մոտ մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նրանց արյան ճնշումը փոքր-ինչ ավելի բարձր է, իմունիտետն ավելի ցածր, ինչը նշանակում է, որ հաճախակի են մրսածության հետևանքով առաջացող  ու վարակիչ հիվանդությունները:

Ցավոք, անքնությունն ազդում է  ամեն ինչի վրա. աշխատանքի որակի, հարաբերությունների, առողջության:

Անքնությունը հիվանդություն չի դիտվում, ուստի նման խնդիր ունեցողներն էլ չեն դիմում բժշկի կամ դիմում են այն ժամանակ, երբ անքնության հետևանքով այլ  խնդիրներ են առաջանում: Շատերն էլ փորձում են ինքնուրույն դեղահաբերով քուն բերել կամ էլ ալկոհոլով «անջատվել»: Մինչդեռ,  թվացյալ հանգստության փոխարեն, ալկոհոլը նպաստում է քնի փուլերի խանգարմանը, վատացնում քնի որակը: Էլ չասած, որ խնդիրն ալկոհոլով լուծելու փոխարեն պարզապես մարդը կարող է ալկոհոլային կախվածություն ձեռք բերել:

Անքնության դեմ բուժվելու համար  պետք է պառկել ու արթնանալ նույն ժամին, բացառել ցերեկային քունը (հատկապես օրվա երկրորդ կեսին), գիշերը թեյ կամ սուրճ չօգտագործել, նվազեցնել մտավոր ծանրաբեռնվածությունը (հատկապես երեկոյան ժամերին), ֆիզիկական ծանրաբեռնվածություն կազմակերպել գիշերվա ժամերին ( զբոսանք մաքուր օդին ), պարբերաբար, քնելուց առաջ  ջրային պրոցեդուրաներ, լոգանք ընդունել: Կարելի է նաև բուսաթեյեր խմել: Սա արդեն անհատական մոտեցում է, յուրաքանչյուրն իր համար կարող է գտնել այն միջոցը, որն իր համար քնաբեր է, ասենք` մի բաժակ գոլ կաթը:

Դիտվել է 10414 անգամ:
Print Friendly

Leave a Reply