Կլցվի՞ «Հրազդան» մարզադաշտը հանդիսականներով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 11, 2012 10:14

Հոկտեմբերի 12-ին  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն: Մրցակիցը B խմբում ամենահեղինակավորն է: Նախկինում իտալացի ֆուտբոլիստները դարձել են օլիմպիական խաղերի (1936), Եվրոպայի (1968) և չորս անգամ ` աշխարհի  (1934, 1938, 1982, 2006) չեմպիոն: Այս թիմի հետ մեր երկրի ներկայացուցիչների հանդիպումն ընտրական փուլում  ամենակարևորն է համարվում: Ընդ որում, երևանյան խաղի նախապատրաստությունը սկսվել է խաղից շատ առաջ: Այդ նպատակով վերանորոգվել է մայրաքաղաքի  «Հրազդան» մարզադաշտը:

Բանն այն է, որ աշխարհի, Եվրոպայի ընտրական մրցաշարերի մասնակցող մեր հավաքականի նախկինում ունեցած որոշ հանդիպումների ժամանակ  խաղին ներկա գտնվել ցանկացողների թիվն ավելի մեծ է եղել, քան տոմսեր են վաճառվել: Մասնավորապես,  2010-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտի համար «փոքր էր» շուրջ 15 հազար նստելատեղ ունեցող Երևանի հանրապետական մարզադաշտը:  Եվ անցանկալի իրավիճակ առաջացավ, ոչ բոլոր ցանկացողները մարզադաշտ մտան, շատերը մնացին դարպասների առաջ կանգնած: Եվ ահա, որպեսզի պատկերը չկրկնվի, նորոգվել է  «Հրազդան» մարզադաշտը, որը նախկինում հայկական ֆուտբոլի փառահեղ էջերի ականատեսն է եղել: Այդ մարզադաշտում էր իր հանդիպումներն  է անցկացնում  ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Արարատը»:

Անկախացումից հետո «Հրազդանում» մրցակիցներին հյուրընկալում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, սակայն ոչ առանձնակի ձեռքբերումներով: Ավելի շատ մտապահվել են տխուր իրադարձություններ, պարտություններ:

«Հրազդանը», ըստ էության, չի տարբերվում աշխարհի մյուս մարզադաշտերից: Եթե այն լեցուն է հանդիսականներով և նրանք քաջալերում են իրենց  սիրելի թիմին, ապա  դա մոգական ներգործություն է  ունենում. ոչ միայն մեր ֆուտբոլիտներն են կրկնապատկված եռանդով և ոգևորությամբ խաղում, այլև մրցակիցն է շփոթվում: Բայց դրա համար, նախ, անհրաժեշտ է, որ մարզադաշտը խաղի ընթացքում մեծ թվով հանդիսականներ հավաքի: Եթե նախկինում «Հրազդանը» տեղավորում էր 70 հազար հանդիսական, ապա այն այժմ,  բազկաթոռների տեղադրումից հետո, ունի շուրջ 55 հազար նստելատեղ: Փաստն այն է, որ դրանք վերջին շրջանում երբեք ամբողջովին զբաղեցված չեն եղել: Օրինակ` 2008-ին ակնկալվում էր, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղի ժամանակ այն  մարզասերներով լեցուն կլինի, սակայն տրիբունաները կիսադատարկ էին, և Հայաստանի հավաքականն էլ պարտվեց 0:2 հաշվով:

Դժվար է ասել, թե կատարվածի պատճառն ինչն էր: Թերևս, դժգոհությունները շատ էին, որ տոմսերի արժեքը բարձր է: Այն հասնում էր մինչև 10 հազար դրամի: Այժմ էլ լավագույն տեղերի համար պետք է նույնքան վճարել: Ի դեպ,  Հայաստան – Իտալիա խաղից առաջ մարզասերները բողոքի ալիք  էին բարձրացրել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ամենևին էլ ցանկություն չուներ նվազեցնելու տոմսերի արժեքը: Ընդ որում, դրանք վաճառվում են նաև մեծ խանութներում, անգամ փողոցներում: Մեր երկրում շատերը նախընտրում են վերջին պահին ֆուտբոլային հանդիպումների տոմսեր գնել: Իսկ թե ինչքան տոմս է իրացվել, կպարզվի միայն խաղը սկսվելուց հետո, և կերևա` մարզադաշտի տրիբունաները լեցո՞ւն են, թե՞ ոչ:

Ի դեպ, սկզբում նախատեսում էր, որ Հայաստանի ընտրանին  վերանորոգված  «Հրազդանում» մինչև Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը ստուգողական մեկ խաղ կանցկացնի, սակայն դա չարվեց: Իրականում վերանորոգումից հետո մարզադաշտի բացումը խաղի օրն է կայանալու:

Ինչպես կդասավորվի այդ  հանդիպման ընթացքը մեր թիմի համար` դժվար է ասել: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից առաջ խնդիրներ է ունեցել: Բանն այն է, որ որակազրկվել, հետո էլ անսպասելիորեն որոշել է ֆուտբոլին հրաժեշտ տալ Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը: Վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Լևոն Հայրապետյանը: Իսկ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը որակազրկված են և հարկադրված են բաց թողնել հանդիպումը: Մարզիչը տևական ընդմիջումից հետո թիմ է հրավիրել Էդգար Մանուչարյանին:

Հուսանք, որ «Հրազդանը», այնուամենայնիվ, լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, Հայաստանի հավաքականն էլ կուրախացնի լավ խաղով: Ի դեպ, թեև մեր թիմի մեծ ներուժը կասկած չի հարուցում, այն  ընթացիկ փուլում, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ խաղ չի ցուցադրում: Եթե նույնը կրկնվի, ապա դժվար է ասել, թե մոտ ապագայում «Հրազդանը» կարող է որևէ խաղի ժամանակ մարդաշատ լինել:

Հավելենք, որ առայժմ Հայաստանի հավաքականը երկու խաղից հետո ունի 3 միավոր և խմբում 3-րդ տեղում է: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Իտալիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները: 1-ական միավոր են վաստակել Դանիայի և Չեխիայի հավաքականները, իսկ Մալթայի թիմը եզրափակում է աղյուսակը` 0 միավոր:

Հոկտեմբերի 12-ին կկայանա B խմբում ընդգրկված թիմերի ևս երկու հանդիպում` Բուլղարիա – Դանիա, Չեխիա – Մալթա:

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply