Տափօղակով հոկեյ ունենք, բայց առանց սահադաշտի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 14, 2012 7:31

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում օրերս կայացած Տափօղակով hոկեյի միջազգային ֆեդերացիայի համաժողովին մեր երկրից մասնակցում էր Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը, որին էլ խնդրեցինք ներկայացնել կատարվածի, Հայաստանին վերաբերող խնդիրների մասին:

– Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի, տեղակալների, նախագահության կազմի ընտրություններ անցկացվեցին, մի շարք կազմակերպական հարցեր քննարկվեցին: Կազմակերպության նախագահ վերընտրվեց շվեյցարացի Ռենե Ֆազելը: Նրա տեղակալներից վերընտրվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կալե Կումալան: Իսկ ահա Հոնկոնգի ներկայացուցիչ Թոմաս Վուն առաջին անգամ ստանձնեց փոխնախագահի պարտականություններ: Նա փոխարինեց Ճապոնացի Սուճի Տոմիտային, որը տարիքն առել է և ընտրություններում իր թեկնածությունը չէր առաջադրել: Փոփոխվեց նաև նախագահության կազմի գրեթե հիսուն տոկոսը: Բուռն բանավեճեր տեղի չունեցան: Մրցումների կազմակերպման հարցերում էլ փոփոխություններ չարվեցին: Քննարկվեցին որոշ խնդիրներ, թե ինչպես պետք է կարգավորվեն, սակայն առայժմ ոչ մի նորամուծություն չի կիրառվելու: Պատճառն այն է, որ ներկայացված բարեփոխումների ծրագիրը համաձայնեցված չէր բոլոր երկրների ներկայացուցիչների հետ: Այդ է պատճառը, որ վերջնական որոշում կկայացվի մայիսին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք համաժողովում: Այդ ժամանակ էլ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան հայտ կներկայացնի, որ մասնակցի աշխարհի առաջնության C խմբի մրցաշարին: Նպատակ ունենք հայտ ներկայացնել նաև մեր երկրում աշխարհի առաջնության որևէ տարիքային խմբի մրցաշար անցկացնելու համար:

– Հայաստանն ո՞ւնի տարբեր տարիքային խմբերի թիմեր:
– Խոսքը մինչև 18 տարեկանների և մեծահասակների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի մասին է: Ներկայումս ունենք 15-16 տարեկան խաղացողներով համալրված թիմ, որը երկու տարի հետո կարող է մասնակցել առաջնությանը:

– 2010-ին Երևանում անցկացվեց C Խմբի աշխարհի առաջնության մրցաշար, որից հետո մեր թիմը որակազրկվեց: Այդ առումով ամեն բան հարթվե՞լ է: Ինչո՞ւ մեր այս մարզաձևի ներկայացուցիչները երկար ժամանակ ստվերում են:
– Որոշակի խնդիրներ կային, որոնք արդեն կարելի է լուծված համարել: Կապը պահպանվում է ԱՄՆ-ում բնակվող և խաղացող հայ հոկեյիստների հետ: Նրանք կրկին կուժեղացնեն մեր երկրի հավաքանները: Իսկ մարզիչ Դուգլաս Դիչեզարիի փոխարեն այլ մասնագետ կգլխավորի հավաքականը: Ի դեպ, պատանեկան տարիքի Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվեն ավելի շատ Բելառուսի և Ռուսաստանի առաջնություններում տարբեր ակումբներում հանդես եկող մեր հայրենակիցները:

– Այդ երկրներում չկա՞ն մեծահասակ հայ հոկեյիստներ:
– Կան, սակայն նախընտել ենք, որ աշխատանքը սկսենք փոքր տարիքի խաղացողներով համալրված հավաքականից և աստիճանաբար առաջ շարժվենք:

– Հայաստանում երկար ժամանակ է, ինչ չի գործում հոկեյիստների մարզվելու միակ վայրը` Շենգավիթ համայնքի գեղասահքի դպրոցի սահադաշտը, տափօղակով հոկեյի Հայաստանի առաջնություն չի անցկացվում: Այս վիճակը դեռ ինչքա՞ն կշարունակվի:
– Կախված է այն հանգամանքից, թե երբ կունենանք սահադաշտ: Երբ այն կլինի, վիճակն էլ կտրուկ կլավանա:

– Եթե վստահություն չկար, որ այդ մարզօջախի սահադաշտը կարճ ժամանակում չի կառուցվելու, իմաստ ունե՞ր եղածն ավերակի վերածել:
– Ինչքան տեղյակ եմ, Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի սահադաշտը վերականգնել, բայց երբ է դա լինելու` դժվար է կանխագուշակել:

– Դուք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ձմեռային մարզաձևերի բաժնի ղեկավարն եք: Ի՞նչ է արվում, որ Հայաստանի ներկայացուցիչները պատվով մասնակցեն «Սոչի 2014»-ի ձմեռային օլիմպիական խաղերին:
– Նախապատրաստությունը վաղուց է սկսվել, զգալի աշխատանք կատարվել է, սակայն եզրահանգումներ անելու համար դեռ վաղ է որևէ բան ասել:

– Հայաստանում ունենք այնպիսի մարզիկներ, որոնք կարող են վարկանիշ լրացնել և այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք ստանալ, թե՞ կրկին հույսը արտասահմանում բնակվող և մրցելույթներ ունեցող մեր հայրենակիցներն են:
– Վատ բան չկա, եթե մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանել: Սիրով ընդառաջում ենք: Հայաստանում կան մարզիկներ, որոնք կարող են օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Խոսքը վերաբերում է դահուկորդներին:

– Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից ի՞նչ այլ մարզաձևերի ներկայացուցիչներ կարող են դառնալ առաջիկա օլիմպիական խաղերի մասնակիցներ:
– ԱՄՆ-ում և Ռուսատանում կան հայ բիաթլոնիստներ:

– Հայաստանի մասնակիցների թիվն առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերին կհասնի՞ 10-ի:
– Կարծում եմ` այո: Այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, բայց ցանկալի չէ, այնպիսի մասնակիցներ ունենք, որոնք իրենց մրցելույթներով միայն հիասթափություն կպատճառեն: Խնդիրն այն է, որ մեր մարզիկները գոհացնող արդյունք ցույց տան: Ինքնին հասկանալի է` խոսքը մեդալ նվաճելու մասին չէ, այլ պատվավոր տեղեր զբաղեցնելու` տասնյակում լինելու:

– Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին , որ անժամանակ կյանքին հրաժեշտ տվեց, ո՞վ է փոխարինելու:
– Առայժմ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան չի որոշել, թե երբ է կայանալու կազմակերպության ընտրական համաժողովը: Երբ դա պարզվի, կընտրվի նաև կազմակերպության նոր նախագահ:

Դիտվել է 2103 անգամ:
Print Friendly

Leave a Reply