25 գերատեսչություններում գործում է էլեկտրոնային կառավարման համակարգ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 15:23

Այսօր հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրել են պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման նոր համակարգը, որն արդեն իսկ գործում է Հայաստանի Հանրապետության 25 պետական գերատեսչությունների միջեւ։

Կարեւորելով էլեկտրոնային կառավարման նորագույն մեթոդը, Տիգրան Սարգսյանն  ասել է. «Առաջին հերթին այն բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, մեր կառավարման գործունեության արտադրողականությունը։ Կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ եւ վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր քաղաքացիների համար` մասնակցելու կառավարման գործընթացին։ Մի կողմից` նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից` նրանք հետեւում են իրենց նամակների, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին եւ կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում»։

Վարչապետը նշել է, որ կառավարման ժամանակակից մեթոդները հաջողություն կունենան, եթե մեր քաղաքացիները սովորեն եւ օգտվեն տեխնիկական ընձեռած հնարավորություններից։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հերթին ավելի մանրամասն ներկայացնելով էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգը, մասնավորապես նշել է.«Անցումն էլեկտրոնային կառավարման համակարգին ենթադրում է, որ պետական ծառայությունները կմատուցվեն ինտերնետի միջոցով։ Դա նվազագույնի կհասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը եւ էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»։

Դավիթ Սարգսյանը նշել է, որ ողջ համակարգի ներդրումը, չորս տարվա ընթացքում պետական գերատեսչությունների 4000 աշխատակիցների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես եւ համընդհանուր ցանցային համակարգի ստեղծման աշխատանքները միասին արժեցել են շուրջ 700 000 դոլարին համարժեք դրամ։

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply