Հերմինե Նաղդալյանն ընդդեմ սպեկուլյատիվ գործարքների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2012 9:41

Հոկտեմբերի 1-ից 5-ը Ստրասբուրգում գումարված Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկման միջոցով» զեկույցը:

Վեհաժողովում իր շուրջ 10 տարվա աշխատանքն ավարտող ԱԺ պատվիրակի զեկույցը վերաբերել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների ուսումնասիրությանը և հետագայում հնարավոր ճգնաժամերը կանխելու ուղիների նախանշմանը:

Հոկտեմբերի 9-ի ասուլիսում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը բարձր գնահատեցին իրենց գործընկերոջ աշխատանքը:

«Բավականին հակասական զեկույց, որովհետև աջ քաղաքական խմբերը շատ նախապատրաստված եկել էին պայքարելու այս զեկույցի և դրա հետ կապված բանաձևի ընդունման դեմ: Սակայն արդյունքներն առավել քան ապշեցուցիչ են, այսինքն` զեկուցողի բացարձակ հաղթանակ»,- հայտնեց Դ. Հարությունյանը:

Ինչպես նշեց զեկույցի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, զեկույցը Վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած զեկույցների շարքից մեկն էր` նվիրված ճգնաժամի և հետճգնաժամային ժամանակաշրջաններին: Զեկույցում նշվում է, որ ֆինանսական շուկայում կան սպեկուլյատիվ` բորսաներից և հարկման դաշտից մեծամասամբ դուրս իրականացվող գործարքներ: Սրանք են այն հիմնական պատճառները, որ գումարները չեն ուղղվում արդյունաբերության իրական աջակցությանը, այլ կենտրոնանում են ֆինանսական հատվածում:

«Այս հարցադրումը մի քանի անգամ բարձրացվել է նաև Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի կողմից: Զեկույցը կպնում էր նաև որոշակի շահերի, նախևառաջ` ֆինանսական գործառնությունները կատարող շրջանակների շահերին և այն երկրներին, որոնք հայտնի են առավել այդ գործառույթներն իրենց մոտ կենտրոնացնելով: Առաջին հերթին դրանով էր պայմանավորված, որ ԵԽ-ում կային և խմբեր, և անհատներ, և երկրներ, որոնք խիստ դեմ էին»,-նշեց Հ. Նաղդալյանը:

Նշվեց նաև, որ, ինչպես Եվրահանձաժողովի կողմից, այնպես էլ այս զեկույցով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որին կուղղվի այդ գործառնությունների 0,002 տոկոսի չափով հարկվող գումարը: «Հարկատուները չպետք է վճարեն այն սպեկուլյատիվ գործարքների համար, որոնք վատթարացնում են տնտեսության վիճակը, դրա համար պետք է վճարեն հենց դրա հեղինակները»,-ընդգծեց Հ. Նաղդալյանը:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply