ԱԻ վնասի մասնագիտական գնահատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2012 9:39
Երեկ ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Նիստին ներկա էին պետական գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերի թիվն ու հասցված վնասի չափը տարեցտարի ավելանում են: ՀՀ ԱԻ նախարարությունում տարբեր ոլորտներից ստացվող տեղեկություններն այսօր թույլ չեն տալիս հստակ պատկերացում ունենալ հասցված վնասների թե´ ֆիզիկական, թե´ գումարային չափերի մասին:
Հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, մասնավորապես ասաց.
– Այս հանձնաժողովը շատ կարևոր առաքելություն ունի` մասնագիտական գնահատական տալ տարբեր արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասին, քանի որ երբեմն լինում է այնպես, որ ներկայացվող թվերը չեն համապատասխանում իրականությանը Մենք պիտի փորձենք կանոնակարգել այս դաշտը, քանի որ ներկայումս վնասները գնահատելու համար տարբեր ոլորտներում կիրառվում են տարբեր մեթոդներ ու չափանիշներ։
Հանրապետական հանձնաժողովի խնդիրներն են.
– արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման վերաբերյալ ակտերի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու սահմանված կարգով ՀՀ վարչապետի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.
– արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման միջոցառումների համակարգման և դրանց օպերատիվ ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
– արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասների վերացման և պետական աջակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ Հ. Եմիշյանը ներկայացրեց մինչ հիմա կատարված աշխատանքները։ Հանրապետական հանձնաժողովից բացի` ստեղծվել են մարզային և համայնքային հանձնաժողովներ։ Դրանց աշխատանքի հիմնական ուղղություններն են.
• գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում.
• բնակչության գույքին հասցված վնասների գնահատում.
• ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում.
• բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում։
Ծավալված քննարկման արդյունքում` բոլոր գերատեսչությունները կներկայացնեն իրենց ենթակա ոլորտներում կիրառվող չափանիշները և մեթոդները, որոնք կլրամշակվեն ու հիմք կհանդիսանան հանձնաժողովի կողմից վնասի վերաբերյալ եզրակացություն տալու համար։






Facebook
Tweet This
Email This Post
