Նա ուրարտերեն գիտի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 9:02

Թուրքական «Hürriyet»-ը հետաքրքիր հոդված է հրապարակել Վանի Գյուրպընար գավառում գտնվող պատմական Ուրարտու ամրոցի 49 տարվա պահակ Մեհմեդ Քուշման մասին, ով աշխարհում ուրարտերեն իմացող հազվագյուտ մարդկանցից մեկն է: Նա մեծ անձնազոհության է դիմում ուրարտերենը գալիք սերունդներին փոխանցելու մասին:
73 տարեկան Քուշմանը փոքրիկ մի խրճիթում ուրարտական տառերով տախտակներ և զարդեր է պատրաստում ու վաճառում դրանք: Քուշմանը չմոռանալու համար ուրարտերեն է սովորեցնում ամենամեծ որդում և նշում է լեզվի ապրելու կարևորության մասին: Նա պատմում է, որ մեծ ջանքեր է գործադրում ուրարտերեն սովորեցնելու համար:
«Այս պահին աշխարհում ուրարտերեն իմացող 35 մարդկանցից մեկն եմ: Ես շարունակելու եմ աշխատանքներ տանել, որպեսզի այս լեզուն ապրի: Հիմա քարե տախտակների վրա ուրարտերենով գրում եմ և որպես հուշանվեր վաճառում: Սա էլ ինձ համար առանձին եկամտի աղբյուր դարձավ: Այս լեզուն սովորեցնելու համար բազմիցս պաշտոնյաների եմ դիմել: Միայն թե ոչ մի դրական պատասխան չեմ ստացել: Սակայն որպեսզի լեզուն ապրի, ձեռքիցս եկածը կանեմ»,-ասել է Քուշմանը:
Այս հոդվածի կապակցությամբ անպայմանորեն պետք է նշել, որ սա թուրքական կեղծ պատմագրության զառանցանքի ևս մեկ արգասիք է`համաձայն որի Ուրարտուն հին թյուրքական պետություն է եղել, և հետևաբար ուրարտերենը ևս թյուրքական հնագույն լեզու է: Ստացվում է, որ Մեհմեդ Քուշմանը իր աշխատանքով համառորեն փորձում է փրկել «հին թյուրքական պատմամշակութային ժառանգությունը»:
Սակայն պարզ չէ, թե ինչքանով է հնագույն հայկական/ուրարտական/ թագավորության ժամանակներից պահպանված սեպագիր արձանագրությունների լեզուն`հայերեն-ուրարտերենը, համապատասխանում Քուշմանի «բացառիկ» գիտելիքներին: Փաստորեն աշխարհի հնագույն լեզուներից մեկին տիրապետող մարդիկ էլ կան Թուրքիայում: Այս պարագայում դժվար է միանշանակ գնահատական տալ. ուրախանալ, որ մեր հայերենը փորձում են վառ ու անմահ պահել, թե զայրանալ սեփական պատմական ժառանգության յուրացման ևս մեկ փաստի պատճառով:

Տաթևիկ Սարգսյան

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply