Հայոց ցեղասպանության մասին պատմող «Շշուկների Մատյան» վեպի հիման վրա Ռումինիայում ֆիլմ է նկարահանվում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 9, 2012 20:32
Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Շշուկների Մատյան» վեպը շարունակում է մնալ Ռումինիայի եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Վեպի ստեղծման, իրական հերոսների եւ միջավայրի մասին ռումինական հեռուստատեսությունը պատրաստում է վավերագրական խաղարկային ֆիլմ, որը կներկայացվի մինչեւ տարեվերջ: Ֆիլմի հեղինակն է Դոյնա Յակոբը, «Շշուկների Մատյան»-ի գլխավոր հերոս Կարապետ Ոսկանյանի դերը կատարում է ճանաչված դերասան Սորին Ֆրանկուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վիջազգային լրատվամիջոցները, այս ապրիլին Երեւանում վեպի հայերեն տարբերակի շնորհանդեսից հետո հոկտեմբերի 11-12-ին Թել-Ավիվում ու Երուսաղեմում կներկայացվի «Շշուկների Մատյան»-ի եբրայերեն հրատարակությունը:
2013թ. նախատեսված են վեպի ֆրանսերեն, շվեդերեն, բուլղարերեն եւ գերմաներեն հրատարակությունները: 2011թ. վեպը լույս է տեսել նաեւ իտալերենով: Մարկեսյան շնչով գրված վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում: Վեպի իսպաներեն տարբերակը լույս տեսավ 2011թ. սկզբին Խոակին Գարիգոսի թարգմանությամբ, եւ նույն տարվա օգոստոսին այն ներկայացվեց նաեւ Արգենտինայում` հեղինակի եւ թարգմանչի մասնակցությամբ: Վեպի իսպաներեն հրատարակությունը շատ լավ է ընդունվել նաեւ մամուլի կողմից, գրքի վերաբերյալ Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու Արգենտինայում լույս է տեսել ավելի քան 300 էջ գրախոսություն:
Մադրիդում Ռումինական մշակութային ինստիտուտի վկայությամբ` ռումինական գրականության որեւէ այլ թարգմանական գործ այդքան վաճառք ու մամուլի արձագանք չի ապահովել: Իսպանախոս տարածքներում վեպի վաճառքի վերաբերյալ Ֆրանս-պրես գործակալության տվյալների համաձայն` «Շշուկների մատյան»-ի իսպաներեն տարբերակն աննախադեպ հաջողություն է արձանագրել լատինամերիկյան երկրներում` 2011թ. աշնանը Կոլումբիայում դառնալով ամենաշատ վաճառվող գործը եւ մինչեւ այս տարվա գարնանը մնալով հինգ լավագույն բեստսելլերների մեջ:
Վեպի մասին հղումներ են արվում զանազան մշակութային կայքերում, խոսվում եւ բանավեճի առարկա է դառնում տարբեր երկրների հեռուստատեսային ծրագրերում:
Ուստի հաշվի առնելով «Շշուկների մատյան»-ի հաջողությունը ընթերցողների եւ գրական շրջանակների մոտ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Գաբրիել Գարսիա Մարկես գրական փառատոնի կազմակերպիչները որոշել են սեպտեմբերի 11-14-ին որպես տարվա պատվո հյուր հրավիրել Վարուժան Ոսկանյանին:
Բոգոտայում Վարուժան Ոսկանյանն ընդարձակ հարցազրույցներ է տվել կոլումբիական խոշոր թերթերին (El Espectador եւ El Tiempo), ինչպես նաեւ քաղաքական եւ մշակութային ամենախոշոր Լա Սեմանա (La Semana) հանդեսին: Վեպը ներկայացվել է հեռուստատեսությամբ եւ լուրերով: Հեղինակը բանախոսությամբ է հանդես եկել հեղինակավոր Լոս Անդես համալսարանում` բանասիրական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների առջեւ: Շշուկների Մատյանն ընդգրվել է բանասիրական ֆակուլտետի գրականության ցանկի մեջ, իսկ չորս ուսանող իրենց թեզերի նյութ են ընտրել վեպի թեման: Փառատոնի ընթացքում Վարուժան Ոսկանյանի հետ քննարկում-երկխոսություն է անցկացրել ճանաչված լրագրող Մարիա Խիմենա Դուսանը (Maria Jimena Dusan) հարյուրավոր ունկնդիրների մասնակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
