Զգա քաղաքի շունչը`վարիր հեծանիվ Երևանում բացվում է առաջին հեծանվուղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 9, 2012 15:50

«Կանաչաստան» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանը կազմակերպում են Երևանի առաջին հեծանվուղու բացման հանդիսավոր արարողությունը՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին Մոսկովյան 8 հասցեում գտնվող «Կանաչաստան» ՀԿ-ի կողմից նկարազարդված բնապահպանական ուղերձով կամարի մոտ: Կազմակերպիչները քաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում են մասնակցելու միջոցառմանը և հեծանվուղու փորձարկմանը:

«Կանաչաստան» ՀԿ-ի և Քաղաքապետարանի միջոցներով հոկտեմեբրի 10-ին ավարտված կլինեն հեծանվուղու նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները: Հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով միասնական ջանքերի շնորհիվ սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը: Երևանի առաջին հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:

Հեծանվուղու բացմանը նվիրված միջոցառումը կմեկնարկի կենդանի ջազ համերգով՝ The Nooz Band-ի կատարմամբ: Բնապահպանական ուղերձով կամարանցումի նկարիչը կանցկացնի եռաչափ (3D) նկարչության վարպետության դաս՝ նախատեսված երիտասարդների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել նկարչության այդ ոճին: Ցանկացողներին միջոցառման ընթացքում անվճար հիմքունքով կտրամադրվեն հեծանիվներ՝ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար: Միջոցառումը համատեղում է Կանաչաստանի «Էկո-երթ» և կամարանցումների նկարազարդման «ԿամավՈր» ծրագրերը, որոնք խթանում են բնապահպանության և կամավորության մշակույթի զարգացումը քաղաքում: «Էկո-երթ» և «ԿամավՈր» ծրագրերն իրականացվում են Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Հեծանվային տրանսպորտի ներդրումը հիմնվում է Կանաչաստան ՀԿ-ի կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության վրա, ըստ որի հեծանվային տրանսպորը ողջունելի է, իսկ քաղաքում հեծանվուղիների կառուցումը՝ առաջին անհրաժեշտություն: «Կանաչաստան» ՀԿ-ն իր «Կամավոր» ծրագրի շրջանակում վերջին երեք ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նկարազարդման աշխատանքներ է իրականացրել նաև քաղաքի մի շարք կամարանցումներում, որոնք բացառիկ են իրենց տեսակի մեջ, քանի որ արվեստի միջոցով սոցիալական և բնապահպանական ուղերձ են հղում բնակիչներին:

Կանաչաստան ՀԿ-ի մասին
§Կանաչաստան¦-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել բնության պահպանությանը և քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը: Ծխախոտի դեմ պայքարը, ի թիվս այլ ոլորտների, կազմակերպության կողմից սահմանվել է որպես գերակա ոլորտ: Կանաչաստանի նախաձեռնությունները միտված են ոչ միայն հանրային իրազեկմանն ու անհատների վարքագծի փոփոխությանը, այլ նաև հակածխախոտային օրենսդրական դաշտի բարեփոխմանն ու պետական քաղաքականության կատարելագործմանը:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply