Լրագրողն արդարացվեց. եզակի արդար դատավճիռ (լրացված)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 9, 2012 15:16

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրեց մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50 000 դրամի չափով:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ. Գրդզելյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանը, եզակի արդար և օբյեկտիվ դատավճիռ է կայացվել: Նա նշեց, որ դատարանի դատավճռով իր պաշտպանյալը որպես արդարացված անձ իրավունք ունի փոխհատուցում պահանջել. մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակում գտնվելու համար, սակայն այս հարցի կապակցությամբ կողմը դեռևս որոշում չի ընդունել:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահաս երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ և վերջինս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: Տեսնելով դա, Մ.Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ. Մանրիկյանը նկատած չի եղել: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply