ԵԽԽՎ-ն կանդրադառնա ԵԽ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 9, 2012 15:13
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 1-ից 5-ը գումարված աշնանային նստաշրջանում Սաֆարովի գործը շատ բուռն քննարկման արժանացավ:
Այդ մասին հոկտեմբերի 9-ի ասուլիսում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` հավելելով. «Ադրբեջանցիները ևս բավականին շատ ելույթներ ունեցան, փորձելով զուգահեռներ տանել Վարուժան Կարապետյանի դեպքի հետ, և մի շարք անհայտ դեպքեր նշեցին, որոնք, կարծում եմ, ուղղակի մտացածին էին»:
Ըստ Դ. Հարությունյանի, այնուամենայնիվ, պատգամավորներից շատ-շատերը պաշտպանեցին հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ խոսքը չի վերաբերում ղարաբաղյան հակամարտությանը, «սա բացարձակապես այլ ոլորտին է վերաբերում, և Լեռնային Ղարաբաղի խնդրին այս խնդիրը չի կարելի կապել, խոսքը վերաբերում է այլատյացությանը, քսենոֆոբիային և առաջին հերթին` հայատյացությանը, որը սերմանվում է Ադրբեջանում»:
Հայկական պատվիրակության ղեկավարն ուրախությամբ նշեց, որ ԵԽԽՎ-ի մի շարք հունգարացի պատվիրակներ ևս հանդես եկան ելույթներով, և նրանցից երկուսը նշեցին, որ, իրենց գնահատմամբ, Հունգարիայի կառավարությունը կատարել է «լուրջ և կոպիտ սխալ»:
Դ. Հարությունյանը, որպես կարևոր հանգամանք, ընդգծեց այն, թե ինչպիսի հետևանքներ են սպասվում այս գործի քննարկման արդյունքում: Նա հայտնեց, թե քանի որ խնդիրը վերաբերում է ընթացիկ քննարկմանը, ապա այդ հարցի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունվում: Սակայն, ըստ նրա, ԵԽԽՎ-ի Բյուրոն նստաշրջանի վերջին օրը կայացած իր հերթական նիստում անդրադարձ է կատարել այս քննարկումից բխող հնարավոր քայլերին:
«Այն, ինչ Բյուրոյում քննարկվեց, ես կարծում եմ, շատ օգտակար է, և հուսով եմ, որ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի հանձնաժողովն այդ հարցով լրջորեն կզբաղվի: Խնդիրը վերաբերում է ԵԽ-ի միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահմանը: Այսինքն` սա, իհարկե, կոնկրետ Ադրբեջանի վերաբերյալ զեկույց չէ, բայց բխում է Սաֆարովի գործից, և Սաֆարովի գործի հիման վրա Իրավական հարցերի հանձնաժողովը պետք է այդ հարցին անդրադարձ կատարի: Թերևս, մի նոր բանաձև ընդունելու առաջարկ ներկայացնի` ինչպես խուսափել դրանից կամ ինչպես հանգել միասնական մեկնաբանության, ինչպես չշեղվել միջազգային պայմանագրի ոգուց, այլ ոչ թե հետևել զուտ տառին, եթե այն հակասում է ոգուն»,-հայտնեց Դ. Հարությունյանը` հավելելով, որ, որպես կանոն, նման նախագծերը նախապատրաստվում են երկու տարում:
Հեղինակ:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
