Երևանի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծումը կարժենա 3 մլն եվրո

Օրվա լուր | | June 17, 2009 13:31

TunaqimikqtnerԵրևանի թունաքիմիկատների գերեզմանոցի 500 տոննա պարունակությունը տեղախոխելու աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին:

Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Սերգեյ Ազարյանը տեղեկացնում է, որ հաջորդ ամիս խնդրին ծանոթանալու նպատակով Հայաստան կայցելեն միջազգային փորձագետներ:

Գերեզմանոցը, որն այժմ գտնվում է Երևանի Էրեբունի ծայրամասային համայնքում, կառուցվել է 1982 թվականին: 1972-ին Խորհրդային Միության տարածքում արգելվել է գյուղատնտեսության մեջ օգտագործել որոշ թունաքիմիկատներ: Հայաստանում դրանք հավաքել ու թաղել են այդ վայրում: Դրանց մեջ եղել են կայուն քլորօրգանական միացություններ, որոնք չեն քայքայվում 30-40 տարվա ընթացքում:

«Այս գերեզմանոցն արդեն մոտեցել է իր տրամաբանական ավարտին. առատ տեղումների, ջրահեռացման կիսավեր համակարգի, սողանքների պատճառով այն մոտ 10 մ տեղաշարժվել է, որի հետևանքով տեղի է ունենում թունաքիմիկատների արտահոսք»,-ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, ում գլխավորությամբ կազմակերպությունը տարիներ շարունակ փորձում է լուծել գերեզմանոցի հարցը:

ՀԿի` 2005 թ. կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ գերեզմանոցի հարակից տարածքների հողում թունաքիմիկատների մակարդակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման:

«Դեռևս 82 թվականին ահազանգել ենք, որ այդ տարածքները թեքության վրա են և սողանքային գոտում, հետևաբար այդտեղ թունաքիմիկատների գերեզմանոցի կառուցումը պետք է բացառվեր,- նշում է ԳԱԱ գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը,-Շինարարության հետևանքով սողանքն ակտիվացել է»:

Վտանգը չեզոքացնելու նպատակով է, որ որոշվել է գերեզմանոցի պարունակությունը երկրից դուրս հանել և ոչնչացնել, քանի որ Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաներ չկան: Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի և Ֆինլանդիայի մասնագետների հետ:

Թունաքիմիատների ոչնչացումը կարժենա շուրջ 3 մլն եվրո: Աշխատանքներն իրականացնելու համար, բացի պետական ֆինանսավորումից, ակնկալվում է նաև դոնոր կազմակերպությունների մասնակցությունը: Ըստ Ազարյանի` միջազգային կառույցներից արդեն որոշակի գումար ստացվել է:

Թունաքիմիկատերի գերեզմանոցում թաղված է 500 տոննայից ավելի 35 անվանում ոչ պիտանի թունաքիմիկատներ: Գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում և բնակավայրերին մոտ գտնվելու պատճառով մտավախություն կա, որ թունաքիմիկատներով հարուստ հողին կից աճեցրած ծառերի պտուղների, բանջարեղենի, ինչպես նաև կենդանիների կաթի ու մսի միջոցով քիմիկատների տարբեր տարրեր կարող են փոխանցվել մարդուն:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply