Հանդիպել են Հայաստանի եւ Իսպանիայի ԱԳ նախարարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 13:16

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով:

«Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արևելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»,-ասել է Նալբանդյանը՝ բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները:

Նախարարը նաև կարևորել է Հայաստանի ու ԵՄ միջև քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:

Նախարար Մորատինոսn ասել է, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, եւ ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին:

Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է նաև Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Միաժամանակ նշելով, որ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել 2010թ-ի ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնել:

Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատել է ԵՄ անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս է հայտնել, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:

Մտքեր են փոխանակվել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:

Դիտվել է 1952 անգամ:
Print Friendly

Leave a Reply