Նոր հայցեր Ռուբեն Հայրապետյանի դեմ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 9, 2012 14:01

Քաղաքացիներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը և Դավիթ Սանասարյանը առանձին հայցադիմումներ են ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի:

Հայցվորները պահանջում են հատուցել բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցերը գտնվում են համապատասխանաբար դատավորներ Արսեն Բաբայանի, Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթում:

Նույն դատարանում պատասխանողի կարգավիճակում Ռ. Հայրապետյանը գտնվել է նաև 2011թ.՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, հունիսի 7-ի վճռով մերժվել էր «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցադիմումը պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանը գտել էր, որ հայցապահանջն անհիմն է և որ պետք է մերժել` նյութական իրավական նորմի և ապացույցների բացակայության պարագայում:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ըստ հայցվոր Գրիշա Բալասանյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի՝ 2011թ. փետրվարի 2-ին իր վստահորդ, «Հետք» շաբաթաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` վերջինիս հետ հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:

Պատշաճ կարգով ներկայանալուց հետո, իր վստահորդը փորձել է տեղեկացնել պատասխանողին իր հեռախոսային զանգի նպատակի մասին: Սակայն, պատասխանողը վիրավորել է իր վստահորդին` անվանելով «տգետ» և անջատել հեռախոսը: Ի պատասխան իր վստահորդի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել է պարզել իրեն «տգետ» անվանելու պատճառը` պատասխանողը տեղացել է անվայելուչ սեռական բնույթի հայհոյանքներ, խոսքով վիրավորելով իր վստահորդի պատիվն ու արժանապատվությունը` նրա և նրա ընտանիքի անդամի հասցեին ցանկացած բանական էակին, առհասարակ, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, մասնավորապես, անվայել արտահայտություններ թույլ տալով: Որից հետո դարձյալ անջատել է բջջային հեռախոսը: Պատասխանողը չի առարկել նշված փաստերի դեմ և ընդունել է դրանք: Հայցվորը պահանջել էր ներողություն խնդրել ու վճարել 1 մլն ՀՀ դրամ, որպես պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավորներ Գ. Մատինյանի, Լ. Գրիգորյանի ու Ա. Թումանյանի նախագահությամբ, 2011թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ մերժել էր լրագրողի բողոքն, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2011թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ վերադարձրել բողոքը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply