Առաջին արձագանքները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 9, 2012 14:04
Մարզասերները տեղյակ են, որ 2012-ի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվելոու է Երևանում:
Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թաիլանդում: Սակայն, Թաիլանդը հրաժարվել էր առաջնությունը կազմակերպել:
Բռնցքամարտի միջազգային ընկերակցության` ԱԻԲԱ-ի առաջարկ-հայտարարությանն արձագանքեց Հայաստանը: Այսպիսով` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանը կհյուրընկալի առաջնության մասնակիցներին: Պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-ից մինչև 27-ը: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ բուն մրցումներն արդեն կմեկնարկեն նոյեմբերի 29-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը: Դեկտեմբերի 8-ը պատվիրակությունների մեկնման օրն է:
ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգում: Քաշային դասակարգումը հետևյալն է` 46-49 կգ, 52 կգ, 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ, +91 կգ:
ԱԻԲԱ-ն Երևանում անցկացվող առաջնությանը մեծ մասնակցություն է ակնկալում, քանի որ երիտասարդների աշխարհի առաջնությունը համարվում է ամենահեռանկարային առաջնություններից մեկը: Այս պահի դրությամբ հայտ ներկայացրած երկրների թիվը 16-ն է: Սպասվում է, որ այս իրադարձության շրջանակներում Հայաստան ժամանող հյուրերի թիվը կհասնի 1000-ի` մարզիկներ, մարզիչներ, թիմերի ղեկավարներ, ԱԻԲԱ-ի պաշտոնյաներ, մրցավարներ և լրագրողներ:






Facebook
Tweet This
Email This Post
