Նոր նախակրթարաններ Կոտայքի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2012 17:38

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կոտայքի մարզի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում մասնակցել է նախակրթարանների պաշտոնական բացմանը: Երկու համայնքում էլ նախակրթարանները ձևավորվել են դպրոցների տարածքում՝ Համաշխարհային բանկի <> վարկային ծրագրով: Երկու համայնքում էլ նախարարը շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նախ այցելել է Մայակովսկի գյուղի միջնակարգ դպրոց: Նորաբաց նախակրթարանն արդեն 27 սան ունի, ովքեր հատուկ ոգևորությամբ նախարարին ցուցադրել են իրենց սովորած պարը, արտասանել, պատմել, որ նախակրթարան սիրով են հաճախում: Համայնքի բնակիչները նախարար Ա. Աշոտյանի հետ զրույցում նշել են, որ գյուղի մանկապարտեզը տարիներ շարունակ չի գործել, և իրենք ստիպված են եղել նախադպրոցական տարիքի երեխաներին տանել Աբովյան քաղաքի մանկապարտեզներ: Այժմ, երբ իրենց գյուղի դպրոցում գործում է ժամանակակից կահավորմամբ, նորոգված նախակրթարան, խնդիրը լուծված է:

ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր: Այս համայնքը մանկապարտեզ երբևէ չի ունեցել: Մինչ այժմ դպրոց հաճախելուց առաջ երեխաները նախակրթարան չեն հաճախել: ՀՀ ԿԳՆ-ի նախադպրոցական միկրոծրագրի արդյունքում համայնքն արդեն ունի ժամանակակից նախակրթարան: Դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմանանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: Գեղաշենի նախակրթարանում գործում է երկու խումբ, և ընդգրկված են նախադպրոցական տարիքի 70 սան: ՀՀ ԿԳ նախարարը, դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը պատրաստակամ է նախակրթարանի ևս մեկ խումբ բացել. “Բոլորիդ հորդորում եմ հնարավորինս շատ երեխաներ ունենալ և մեզանից պահանջել նախակրթարանի և դպրոցի ընդլայնում”,- դիմելով ծնողներին՝ նշել է Արմեն Աշոտյանը:

Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով նախակրթարանների հիմնադրման ծրագիրը՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ այն մեկնարկել է 2008 թվականից: Փորձնական նպատակով սկսված ծրագիրը հետագայում դարձել է հիմնական ծրագիր, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 217 նախակրթարան, որոնցից 70 –ն այս տարվա ընթացաքում:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախակրթարաններ ստեղծելու անհրաժեշտությունը Հայաստանում ծագել է անկախության առաջին տարիներից: Սկսած 90-ականների վերջից, երբ նախակրթարաններն ու մանկապարտեզներն անցան ՏԻՄ ենթակայության տակ, Հայաստանի Հանրապետության 900 համայնքների մեկ երրորդում մինչև 2008 թվականը մանկապարտեզները չեն եղել՝ մի մասում դրանք չկային, մի մասում էլ շենքերը կային, բայց չէին գործում :

“Նախադպրոցական կրթությունն իր մեջ ունի և՛ սոցիալական և՛ կրթական բաղադրիչ: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախակրթարան այցելած երեխաներն ավելի պատրաստված են հաճախում դպրոց և ուսումնառության ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Միաժամանակ, մեզ համար ՀՀ բոլոր բնակավայրերում հավասար մեկնարկային հնրավորությունների ստեղծումն առաջնային կարևորության հարց է: 2008 թվականից մինչ այժմ բացված նախակրթարաններում ավելի քան 4500 երեխա է հաճախում: Ծրագիրը շարունակվելու է, քանի որ արդյունքները դրական են և արժանանում են նաև համայնքի բնակչության շնորհակալ վերաբերմունքին: Իսկ սա նշանակում է, որ այս ծրագիրն իրականում պահանջված է, և համայնքների համար նախակրթարաններն առաջնային անհրաժեշտություն են”,- նշել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ գալիք տարի ծրագրում կներառվեն մարզային համայնքներ և մայրաքաղաքը: Նախակրթարանների միկրոծագիրը, ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարարը, իրականացվում է դարամաշնորհային ծրագրով, որն ուղղվում է տարածքի բարեկարգմանը, գույքի ձեռբերմանը և մանկավարժների վերապատրաստմանը: Նախարարը նշել է, որ դպրոցներում գործող նախակրթարաններում պարապմունքները 3-4 ժամյա գրաֆիկով են կազմակերպվում, դրանց ֆինանասավորումը կատարվում է բյուջեից՝ կիրառելով հանրակրթական դպրոցների՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևը: “”Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները գործում են ՏԻՄ ենթակայայությամբ, սակայն փորձը ցույց տվեց, որ նրանք միայնակ ի զօրու չեն կազմակերպել նախադպրոցական կրթություն: Այս ծրագրով պետությունը մտնում է նախադպրոցական կրթության ոլորտ՝ աջակցելով համայնքին”,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:

2010-2011 թթ. նախադպրոցական միկրոծրագրեր իրականացվել են Արագածոտնի մարզի 19 և Արարատի մարզի 22 համայնքներում: 2011-2012 թվականներին միկրոծրագրերն իրականացվել են Գեղարքունիքի՝ 21, Արմավիրի՝ 23, Սյունիքի՝ 19 և Վայոց Ձորի՝ 22 հաստատություններում: 2012-2013թթ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, դրանցում ներառված է Շիրակի մարզի 31,Կոտայքի՝ 13, Լոռու՝ 15, Տավուշի՝ 10 համայնք:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply