Փորձագետ. “Իվանիշվիլու հայտարարությունը քաղաքական անփութություն էր”:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2012 16:59

Վրացական հարցերով փորձագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը Բիձինա Իվանիշվիլու` վերջերս հայերի վերաբերյալ արած հայտարարությունըհամարում է կոպիտ սխալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության ղեկավարի  կողմից:

“Բիձինա Իվանիշվիլին քաղաքականության մեջ նոր մարդ է և թույլ տվեց իր առաջին անփութությունը` խոսելով Վրաստանի ցավոտ թեմայի մասին՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, և սխալ թույլ տվեց։”,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ ասաց վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:

Նա նաև նշեց, որ Իվանիշվիլին հետո հերքել է, թե նման հայտարարությնուն է արել, սակայն փորձագետն այդ հերքումն ավելի վտանգավոր համարեց. “Հերքումն ավելի վտանգավոր էր, քան հայտարարությունը, քանի որ հերքման մեջ նշվել էր, որ հայերը շատ հաջողակ գործարարներ են, իսկ դա բոլորի կողմից լավ չի ընդունվում”:

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին “New time” թերթին տված հարցազրույցում զարմանք էր հայտնել, որ հայերը ապրում են Վրաստանում, երբ իրենց հայրենիքը այդքան մոտ է գտնվում. “Ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի` Ամերիկայում, իսկ իմ երազում հայտնվում էր իմ գյուղը, իմ հողը…”: Սակայն, հետագայում նա ուղղել է իր ասելիքն ու հայտարարել. “Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ես լրագրողի հարցին պատասխանել եմ, թե հիացած եմ հայերի և հրեաների հատուկ շնորհով, որ նրանք կարող են լինել աշխարհի քաղաքացի, նրանք հաջողակ են` որտեղ էլ որ ապրում են, և ունեն ուժեղ սփյուռք: Մենք` վրացիներս էլ այնքան զարմանալի ազգ ենք, որ դժբախտաբար ոչ մի տեղ չենք կարողացել հաստատվել և ստեղծել ուժեղ սփյուռք: Սա էր իմ պատասխանի գլխավոր կոնտեքստը”:

Հ. Ալվրցյանի կարծիքով Իվանիշվիլին այդ հայտարարությունն արել է ազգայնական ուժերի համակրանքը շահելու համար: Նա նաև շեշտում է, որ հայերի համաև էական նշանակություն ունի, թե Վրաստանում ով կգա իշխանության և քաղաքական որ ուժի ներկայացուցիչը կդառնա Վրաստանի հաջորդ նախագահը, քանի որ հայ-վրացական հարաբերությունները կախված են նրանից, թե տվյալ անձը ինչ հարաբերություններ է ուզում հաստատել Հայաստանի հետ:

Ալվրցյանի դիտարկմամբ հայ-վրացական հարաբերությունները բացի բարի կամքի դրսևորումից ուչիշ առաջընթաց չեն գրանցել և գործնական քայլեր չեն իրականացվել:

Ջավախքում առկա խնդիրների խորացման մեջ էլ փորձագետը մեղադրում է Հայաստանի իշխանություններին` շեշտելով, որ մեր իշխանությունները ոչինչ չեն արել այս ընթացքում և երբեք էլ հստակ քայլեր չեն ձեռնարկել պետական մակարդակով Ջավախքի խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply