Ադիբեկյանը բացատրում է ընդդիմության պարտվողական կերպարի տրամաբանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2012 16:11

Սերժ Սարգսյանն այսօրվա դրությամբ ունի 42.8 % ձայն իշխանամետ թևից, իսկ Գագիկ Ծառուկյանը` 43.4% ձայն` ընդդիմադիր թևից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Իր հարցումների արդյունքում սոցիոլոգը պարզել է, որ ընդդիմադիր թևի հաղթանակին հավատում են ընտրողների 12.4%-ը, իսկ իշխանական թևին` 56.4%-ը. “Այս երկու թևերում ընտրողների 54.3 տոկոսն է հավատում, որ Սերժ Սարգսյանը կընտրվի, և 8.9 տոկոսը` որ Ծառուկյանը կընտրվի”:
Սա այն դեպքում, եթե Ծառուկյանը հանդես գա որպես ընդդիմադիր թեկնածու, սակայն սոցիոլոգը նրան առայժմ համարում է կենտրոնամետ ուժ, այնպես, ինչպես Քոչարյանին:
Ադիբեկյանը նաև փորձեց իր տրամաբանությամբ բացատրել, թե որտեղից է գալիս ընդդիմադիր կողմի այս պարտվողական տրամադրությունը. “Երբ որ ընդդիմությունն անընդհատ հնչեցնում է, և դրա փայլուն օրինակը Րաֆֆի Հովհաննսիյանի նամակն էր Սերժ Սարգսյանին, որ ընտրությունները կլինեն անարդար, կաշառված, խախտումներով, կլինի սարսափի մթնոլորտ և այլն, այս պարագայում էլ ինչ ընտրության մասին կարող է խոսք լինել և ինչ իմաստ ունի մասնակցել ընտրություններին, եթե այդ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները ինչ-որ մեկի ձեռքում է”:
Ահա այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելով` Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ընդդիմությանը ժողովուրդը չի վստահում, դրա համար էլ ձայներ չի տալիս:
Այս երկու հիմնական ու հավանական թեկնածուներից բացի մյուս թեկնածուներին Ադիբեկյանը անվանեց տատանվող զանգված, որը վերջում կարող է կողմնորոշվել և կսատարի այս կամ այն ուժին:
Ադիբեկյանը նաև խորհուրդ է տալիս նայել, թե որտեղ ինչպես են ձայները բաշխվել, քանի որ, ըստ նրա, եթե նախկինում հիմնականում իշխանական կուսակցություններն էին տանում ձայների մեծ մասը, ապա հիմա բոլոր կուսակցություններն էլ տեղերում ձայներ են ունեցել:

Վահե Մակարյան

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply