Տաճատ Վարդապետյանը տարօրինակ է համարում Իվանիշվիլու հայտարարությունը, բայց փորձում է լավատես լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 16:05
ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով ջավախքցի Տաճատ Վարդապետյանը փորձում է լավատես լինել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած կուսակցության հաղթանակից հետո հայերի կողմից Իվանիշվիլիից սպասվող ակնկալիքների հարցում: Նա, առաջնորդվելով բացասման բացասման օրենքով, որ յուրաքանչյուր հաջորդը պետք է նախորդից ավելի լավը լինի, կարծում է, որ Իվանիշվիլիի դեպքում ևս այս տրամաբանությունը կգործի` չնայած չի հերքում նաև հայտնի առակի տրամաբանությունը, երբ ամեն հաջորդը նախորդից ավելի վատն է լինում: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը` պատգամավորը:
“Պետք է ակնկալել, որ նոր իշխանությունների պարագայում հայ-վրացական հարաբերությունները ավելի կջերմանան` դատելով այն ակնհայտ փիլիսոփայությունից` բացասման բացասումից, ամեն հաջորդը պիտի ավելի ջերմ լինի և ավելի բարյացկամ` թեթևացնելով ջավախահայերի հոգսերը”:
Իսկ այն փաստը, որ Բիձինա Իվանիշվիլին հաղթանակից հետո անսպասելի ու ոչ հայանպաստ հայտարարություն է արել, արդյո՞ք դա դրական ակնկալիքների հույս է ներշնչում, Վարդապետյանն ասաց, որ ինքն, ամեն դեպքում, փորձում է լավատես լինել այս հարցում, քանի որ այլ ելք չի տեսնում:
Նա տարօրինակ է համարում Իվանիշվիլու այդ հայտարարությունը և զարմանք է հայտնում այդ առնչությամբ` նշելով, որ մինչ ընտրությունները “Վրացական երազանքի” առաջնորդը հայտարարում էր հայանպաստ ծրագրերի մասին:
Իսկ այն հարցին, թե ինչ կարող են անել այն փոքրաթիվ հայ պատգամավորները, որ անցել են Վրաստանի խորհրդարան թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր թևից, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ չի կարծում, թե լուրջ խնդիրներ կկարողանան լուծել, սակայն հույս է հայտնում, որ հայանպաստ հարցերում նրանք գոնե կմիավորվեն` անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից:
Իսկ թե ինչ են անում Հայաստանի խորհրդարանում գործող ջավախահայ պատգամավորները, այդ թվում` ինքը` Վարդապետյանը, Ջավախքի խնդիրների լուծման ուղղությամբ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իր պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ինքը բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, որոնցից շատերը լուծումներ ստացել են, և այժմ էլ յուրաքանչյուր քառօրյային նա Ջավախքի վերաբերյալ հարց է դնում քննարկմանը:
Այդ մասին փաստեց նաև ասուլիսի մյուս բանախոս, բանասեր և վրացական հարցերով փարձագետ Հայկազուն Ալվրցյանը` ընգծելով, որ Վարդապետյանն այն եզակի ջավախահայ պատգամավորներից է, ով, իսկապես, մտահոգ է Ջավախքի խնդիրներով և անընդհատ պայքարում է դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ` ի տարբերություն իր համերկրացի-գործընկեր այլ պատգամավորների, որոնցից ոմանք նույնիսկ թքած ունեն Ջավախքի վրա:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
