Տուժող կողմը դժգոհ է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 8, 2012 15:59

2011թ. բանակում ջրծաղիկից զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան դեպքի գործով այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը կոչ արեց մեղադրող Մելիք-Սարգսյանին վերանայել 2 ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքը: Այն, ըստ տուժող կողմի, մեղմ է և պետք է լրացվի:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանն ու զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի առաջին կետով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:

Հոդվածը նախատեսում է պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3-6 տարի ժամկետով:

Տուժող կողմը գտնում է, որ բացի այդ, գործում պետք է ընդգրկվեն այլ մեղադրյալներ ևս: Մ. Շուշանյանը դժգոհեց նաև այն բանից, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելիս չի առարկել գործը արագացված դատաքննության կարգով քննելու դեմ:

Մեղադրող Մելիք-Սարգսյանը նշեց, որ մեղադրող կողմը մեղադրանքին կանդրադառնա ապացույցների հետազոտման ավարտից հետո և կաշկանդված չէ անհրաժեշտության դեպքում այն վերանայել: Հնարավոր այլ մեղադրյալների ներգրավելու հարցն, ըստ մեղադրողի, «մեր ուշադրության կենտրոնում է լինելու»: Իսկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հավաստիացրեց, որ արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդության հարցը քննարկելիս անպայման հաշվի է առնվելու տուժողի իրավահաջորդի կարծիքը:

Դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ ամբաստանյալները զորամասում ջրծաղիկ հայտնաբերելուց հետո վարակի հետագա տարածումը կանխելու անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել: Ախտորոշվելուց հետո 23 ժամ հիվանդը վարակաբանական միջոցառումների տեսանկյունից եղել է անօգնական վիճակում, ինչը հանգեցրել է ներքին օրգանների ախտահարման և ի վերջո՝ զինծառայողի մահվան: Ամբաստանյալ Մ. Միքայելյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում, իսկ Մ. Մկրտչյանն ընդունեց մեղադրանքը:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ ցուցմունքներ կտան վկաները, տուժողի իրավահաջորդը, կհետազոտվեն գործի նյութերը, ապա ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply